Search
Close this search box.

Եվս մեկ տանջվող արջ իր քոթոթների հետ՝ Արմավիրի մարզում

Վան Ահարոնյան անունով քաղաքացուց Econews.am-ը ահազանգ է ստացել անազատության մեջ պահվող արջի եւ նրա քոթոթների մասին: Լուսանկարն արվել է բոլորովին վերջերս է արվել Արմավիրի քաղաքային կենդանաբանական այգում:

Լուսանկարից երեւում է, որ կենդանու պահման պայմաններն անմարդկային եւ վտանգավոր են ոչ միայն արջի ու քոթոթների համար, այլեւ մոտակայքում գտնվող մարդկանց:  Արմավիրի կենդանաբանական այգու մասին տեղեկություններ հայտնի դարձան դեռ տարիներ առաջ: «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ կողմից 2011թ.-ին հրապարակած տվյալների համաձայն. «1981թ.-ից Արմեն Թադեւոսյանը սկսել է Արմավիր մարզի կենդանաբանական այգու հիմնման գործընթացը:

Կենդանիները բերվել են ՀՀ մարզերից եւ ԽՍՀՄ տարբեր այգիներից: 1991թ. սկսած այգին արդեն ունեցել է սեփական հողատարածք: Այժմ այգին զբաղեցնում է 8 հա տարածություն, ուր բնակվում են մի քանի տասնյակ կենդանատեսակներ: Այս ընթացքում այգու տարածքում տնկվել է մի քանի հազար դեկորատիվ ծառ:

Նշենք, որ կենդանաբանական այգին կացարան է դարձել մարդու գործունեությունից տուժած եւ փրկված բազմաթիվ կենդանիների համար, այդ թվում` վիրավոր արջեր, մացառախոզեր, կզաքիս, տափաստանային կատու, քարարծիվներ, բվեճներ, սպիտակագլուխ անգղներ եւ այլն: Կենդանաբանական այգում բնակվում են նաեւ բազմաթիվ կենդանատեսակներ, որոնք ընդգրկված են ՀՀ Կարմիր գրքում»: Այս կենդանաբանականա այգու գործունեության մասին թարմ տեղեկատվություն մեզ դեռեւս հասանելի չէ:

Հավելենք, որ լուսանկարում հավանաբար Գորշ արջ է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ գործող օրենքը սահմանում է Անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործման կարգը: Հոդված 27.2-ի առաջին կետով ասվում է. «Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առեւտրի, գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, արգասիք ստանալու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու, որսի եւ որպես որսամիջոց (որսկան թռչուն, խաբսաբադ) օգտագործելու նպատակներով»:

Այս եւ մի շարք այլ պահանջների համապատասխանությունը ՀՀ-ում գործող օրենքին պետք է ստուգի ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը, ուստի հրավիրում ենք վերոնշյալ կառույցի ուշադրությունը: Ցանկանում ենք նաեւ հրավիրել Արմավիրի մարզպետարանի, ինչպես նաեւ Արմավիրի համայնքապետարանի ուշադրությունը:

Նշենք նաեւ, որ սույն օրենքում նախատեսվում են էական փոփոխություններ, որոնք պետք է նաեւ ավելի խիստ կանոնակարգեն անազատ եւ կիսազատ պայմաններում գտնվող կենդանիների պահման նպատակներն ու պայմանները:

Please enter a valid URL