Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը տարածել է հերքում՝ արձագանքելով «Ժամանակ» օրաթերթում 01.06.2018 թվականի ի հրապարակմանը.
Արձագանքելով «Ժամանակ» օրաթերթում 01.06.2018 թվականին մեզ համար անհասկանալի մղումներից դրդված և որևէ կերպ չփաստարկված ««Թայֆեն» գրպանել է» նյութի հրապարակմանը, որն այնուհետև արտատպվել է մի շարք լրատվամիջոցներում, հարկ ենք համարում մի քանի պարզաբանում անել:
Նախ և առաջ, ևս մեկ անգամ հաստատում ենք, որ այս պահի դրությամբ Սևանա լճի մակարդակը տարեսկզբի համեմատ բարձրացել է 30 սմ-ով: Այս տվյալը ներկայացնում է ոչ թե Ջրային տնտեսության պետական կոմիտեն, այլև՝ «Հայպետհիդրոմետը»՝ որպես անկախ և ոչ շահագրգիռ կառույց:
Ինչ վերաբերում է անցյալ տարվա համեմատ Սևանա լճի մակարդակի 13 սմ-ով նվազման տվյալին և այն պնդմանը, որ դա տեղի է ունեցել մարտ-ապրիլ ամիսներին Սևանից իրականացված ջրառի պատճառով, ապա հարկ ենք համարում նշել, որ Սևանից ջրառ իրականացվել է ապրիլի 18-ից մայիսի 7-ը ընկած ժամանակահատվածում: Սևանից ջրառը դադարեցվել է՝ մայիսին՝ անձրևառատ եղանակային պայմաններին զուգահեռ: Այդ ընթացքում Սևանից բաց է թողնվել շուրջ 24.7 մլն խմ ջուր: Այս ցուցանիշն անփոփոխ է մինչ օրս, քանի որ Սևանից ջրառը դեռ չի վերսկսվել: Կամայական հաշվարկի դեպքում՝ 24.7 մլն խմ ջրբացթողումը՝ որպես մարդածին ազդեցություն, Սևանա լճի մակարդակի վրա կարող է թողնել 2 սմ-ի բացասական ազդեցություն: Բացի այդ հարկ ենք համարում նշել, որ այս ընթացքում Արփա-Սևան թունելի միջոցով Եղեգիս գետից և Կեչուտի ջրամբարից Սևանա լիճ է տեղափոխվել շուրջ 93 մլն խմ ջուր՝ թունելի անվտանգության համար թույլատրելի 14 խմ/վ թողունակության պայմաններում: Նույնիսկ այս երկու թվերի համեմատությունը ցույց է տալիս, որ Սևանա լիճ տեղափոխվել է շուրջ 70 մլն խմ ավելի ջուր, քան եղել է Սևանից կատարված ջրբացթողումը, որն, ի դեպ, «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով սահմանված 170 մլն խմ-ի շրջանակներում է իրականացվել: Ամենապարզ հաշվարկներից էլ հասկանալի է դառնում, որ Արփա-Սևան թունելով Սևան տեղափոխված ջրի հաշվին լճի մակարդակը բարձրացել է 5.6 սմ-ով: Ի դեպ, այս տարի Արփա-Սևան թունելով Սևան տեղափոխված ջրի ծավալները շուրջ 25 մլն խմ-ով գերազանցում են անցյալ տարվա նույն օրվա ցուցանիշը:
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երի կողմից ջրի օգտագործմանը, ապա հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ Սևանից ջրբացթողում իրականացվում է բացառապես ոռոգման նպատակով, իսկ էլեկտրաէներգիայի ստացումը հարակից արդյունք է, որը որևէ կերպ չի խոչընդոտում ոռոգման ընթացքին:
Եվ վերջապես, ինչ վերաբերում է իբր Սևանից կատարված ջրառի արդյունքում 13 մլն դոլարի յուրացման հետ կապված ակնհայտ սուտ և զրպարտող տեղեկություններին, ապա ակնկալում ենք «Ժամանակ» օրաթերթի հերքումը և ներողության հայցումը, այլապես հարցը կլուծենք իրավական կարգով՝ ՋՏՊԿ-ի և Կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող ակնհայտ սուտ տեղեկությունների հրապարակման համար:
Ակնկալում ենք Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից պատրաստված հերքման և ներողության հրապարակում «Ժամանակ» օրաթերթի հաջորդ համարում, ինչպես նաև՝ նյութը արտատպած մյուս բոլոր լրատվամիջոցներում դրա արտատպումը՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն: