Հայաստանում հունիսի 10-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի թվով 18 համայնքներում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, նշված համայնքներից 8-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 4 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
«Մայիսի 31-ին՝ ժամը 18.00-ին, լրացել է ՏԻՄ ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:
Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 33 քաղաքացիներից 6-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 27 թեկնածուներից 22-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 4-ը` Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից, և մեկ թեկնածու առաջադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:
Ավագանու անդամի գրանցված 89 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 10 թեկնածու: Ավագանու անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 79 թեկնածուներից 76-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 2-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից, և մեկ թեկնածու առաջադրել է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը:
Հունիսի 10-ին նշանակված Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի ղեկավարի ընտրությունը, թիվ 18 տարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ, համարվել է չկայացած, քանի որ օրենքով սահմանված ժամկետում համայնքի ղեկավարի որևէ թեկնածու չի գրանցվել:
ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն՝ Մեծաձոր համայնքում նշանակված համայնքի ղեկավարի նոր ընտրությունը կանցկացվի հունիսի 24-ին»,- ասված է հաղորդագրության մեջ: