Search
Close this search box.

Մասիսի քաղաքապետի աջակիցները պահանջում են նրա ազատ արձակումը

Զանգվածային անկարգություն կազմակերպելու կասկածանքով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի աջակիցները բողոքի ակցիա են սկսել՝ պահանջելով նրա ազատ արձակումը:

Բողոքի ակցիան սկսել են Մասիսի քաղաքապետարանի դիմաց, այնուհետև երթով շարժվել Երևան տանող ճանապարհով: Նրանց ձեռքերին «Մեր քաղաքապետն անմեղ է» գրություններով պաստառներ են:

Ակտիվիստները պատրաստվում են փակել Մասիսից Երևան տանող ճանապարհը և  մնալ այնտեղ այնքան ժամանակ, քանի դեռ չեն ազատել Մասիսի քաղաքապետին:

Մասիսի քաղաքապետարանն էլ իր հերթին հագորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է.«Այսօր առավոտյան մամուլով տեղեկացանք, որ անօրինական,առանց որևէ իրավական հիմքի ձերբակալել են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և փոխքաղաքապետին:
Վստահեցնում ենք Ձեզ, որ ձերբակալության որևէ իրավական հիմք չկա, նրանք երբևէ չեն թաքնվել իրավապահ մարմիններից, չեն փորձել փախչել Հայաստանի Հանրապետությունից և զբաղված են եղել աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարմամբ»:

Հիշեցնենք, որ Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով:

Նրանց թվում են՝ Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը:

Please enter a valid URL