Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնական թվիթերյան էջում հայտարարել է, որ Սպիտակ տանը հանդիպել է հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ:
Թրամփը մանրամասնել է, որ ինքն ու 37-ամյա ամերիկահայ գեղեցկուհին քննարկել են բանտային նոր բարեփոխման հարցը:
«Այսօր ես հրաշալի հանդիպում եմ ունեցել Քիմ Քարդաշյանի հետ, զրուցել ենք բանտային բարեփոխման ու դատավճիռների կայացման մասին»,- գրել է նախագահը:
Հայտնի է, որ Թրամփից զատ, Քարդաշյանը հանդիպել է նաև նրա ավագ դստեր՝ Իվանկայի ու փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը համագործակցում է նախագահի օգնական նշանակված Իվանկա Թրամփի, ինչպես նաև նրա ամուսնու հետ՝ փորձելով օգնել ցմահ ազատազրկման դատապարտված մի կնոջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 37-ամյա գեղեցկուհին Թրամփի հետ հանդիպման առիթը կօգտագործի ու կխնդրի նախագահին ներում շնորհել դատապարտվածին:
Հայտնի է, որ խոսքը 62-ամյա Ալիսա Մարիա Ջոնսոնի մասին է, որը զբաղվել է թմրանյութերի տարածմամբ ու փողերի լվացմամբ:
Կնոջն օգնելու նպատակով Քարդաշյանը վերջին մի քանի ամիսների ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել Քուշների հետ: Հեռուստաաստղը խնդրել է ազդել նախագահի վրա, որպեսզի նա ներում շնորհի կնոջը։