Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ երեկ՝ մայիսի 27-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները Արագածոտնի մարզի Կարբի գուղի բնակիչներ՝ 59-ամյա Վրեժ Խուրշուդյանն է, 34-ամյա Հենրիկ Գրիգորյանն է և 33-ամյա Արթուր Բաղդասարյանը։ Պարզվել է, որ նրանցից երկուսը ստացել են հրազենային վնասվածքներ, որոնցից մեկին այնուհետև տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվում ոստիկանության Աշտարակի բաժին, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի հոգի։ Ոստիկանները պարզում են, որ վիրավորը Կարբի գյուղի բնակիչ՝ 29-ամյա Արգամ Պողոսյանն է։
Բժիշկներն իրավապահներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու։
Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են 7 կրակված պարկուճ, իսկ հիվանդանոցից էլ քննչական խմբին հայտնել են, որ վիրավորների մարմնի միջից հանել են հրազենից արձակված կրակված գնդակներ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքներն ու ձեռնարկում են անրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենն ու դանակը հայտնաբերելու ուղղությամբ։