Search
Close this search box.

Գնահատենք ու շենացնենք այն Հայաստանը, որն ունենք այսօր. Նախագահի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր միասին՝ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում նշում ենք Հայաստանի առաջին հանրապետության ու մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանները:

100 տարի առաջ ցեղասպանություն տեսած, կյանքի ու մահվան եզրին կանգնած մեր ժողովուրդը գերագույն ճիգով վերականգնեց Հայոց անկախ պետականությունը՝ հռչակելով Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը: Թեև այն կարճ էր, և նրան բաժին էին ընկել բազմաթիվ խնդիրներ, այնուամենայնիվ առաջին հանրապետության հիմքի վրա հետագա տասնամյակներում զարգացան երկրի տնտեսությունը, կրթությունը, գիտությունն ու մշակույթը, ձևավորվեց կիրթ և բանիմաց հասարակություն, որն էլ 1991թ. հանգեցրեց նոր անկախության և նոր հաղթանակների:

Այսօր մենք պարտավոր ենք առանձնահատուկ խորությամբ գիտակցել հայոց պետականության նշանակությունը։ Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների արդյունքում մենք ունենք կտրուկ մեկնարկի հնարավորություն, որի համար կան բավարար մարդկային և ինստիտուցիոնալ ռեսուրսներ: Պետք է մեկտեղենք այդ ռեսուրսները, պետք է գործենք ավելի օպերատիվ ու ճկուն, որովհետև բեկումնային ժամանակները թռիչքի հնարավորություն են ստեղծում:

Ուրեմն, եկեք միասին սկսենք կերտել վաղվա Հայաստանը՝ գնահատելով ու շենացնելով այն Հայաստանը, որն ունենք այսօր:

Ի սրտե շնորհավորում եմ մեր Հանրապետության տոնի և Հայաստանի առաջին հանրապետության ու մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանների առթիվ:

Մաղթում եմ խաղաղություն, բարգավաճում և լավատեսություն:

Կեցցե՛ն Հայաստանի և Արցախի հանրապետություները:

Կեցցե՛ Սփյուռքը:

Կեցցե՛ Հայաստանի քաղաքացին:

Please enter a valid URL