«Եկեք ես գնահատական չտամ մեկ տարի առաջվա ԱԱԾ-ի գործողություններին, ես գնահատական կարող եմ տալ և պատասխանատվություն կրել 2018-ի մայիսի 10-ից հետո»,- Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Ես, ինչպես որ հայտարարել էի, մենք չենք ունենալու ինչ-որ մի բան, որի արդյունքում հասարակության մեջ կամ ինչ-որ մի տեղ լինեն կասկածներ, որ մենք այս կամ այն գործողությունն արել են պատվերով կամ ինչ-որ այլ նպատակներ հետապնդելով: Մենք պետք է ունենանք հստակ ապացույցներ, և եթե լինեն այդ ապացույցները, միանշանակ բոլորը պատժվելու են»,-նշեց ԱԱԾ տնօրենը` հավելելով, որ բավականաչափ բերման ենթարկվածներ կան և առաջիկա օրերին կշարունակվեն նմանատիպ գործողությունները այլ ոլորտներում, այլ անձանց հետ կապված:
Հարցին, թե բերման ենթարկվածներից ինչ-որ մեկի համար միջնորդություններ փորձե՞լ են անել այս ընթացքում, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Ինձ ոչ մեկ չի միջնորդել: Կարծում եմ՝ նման բան ոչ մեկ իրեն թույլ չի տա»: