ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի մի խումբ բնակիչներ դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ նույն համայնքում կառուցվող գործարանի կառուցապատման օրինականությունը ստուգելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու խնդրանքով:
Պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է «Ա…» ընկերությանը քաղաքաշինական փաստաթղթեր տրամադրելու օրինականությունը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի ղեկավարի կողմից կայացվել է որոշում «Ա…» ընկերությանը ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու մասին, որի 1-ին կետում արձանագրվել է «Բավարարել «Ա…» ընկերության տնօրենի դիմումը՝ ընկերությանը պատկանող հողատարածքում արտադրական և օժանդակ շինությունների կառուցման վերաբերյալ», իսկ տրված նախագծման թույլտվությամբ (ճարտարապետակատակագծային առաջադրանք) որպես օբյեկտ արձանագրվել է «կառուցվող արտադրական և օժանդակ շինություններ, 3-րդ կատեգորիա»:
Եղվարդ համայնքի ղեկավարի կողմից տրվել է նաև շինարարական թույլտվություն՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Երևանյան խճուղի թիվ 000 հողամասում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար՝ նշելով որպես «արտադրական և օժանդակ շինությունների 3-րդ կատեգորիա»:
Միաժամանակ, ուսումնասիրությունների ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարությունից ևս ստացվել են նշված տարածքի հետ կապված վերը թվարկված քաղաքաշինական փաստաթղթերի պատճենները, որոնց բովանդակությունը ակնհայտ հակասել է Եղվարդ համայնքի ղեկավարի կողմից տրամադրված պաշտոնեական փաստաթղթերի բովանդակությանը: Մասնավորապես, ըստ բնապահպանության նախարարությունից ստացված Եղվարդ համայնքի ղեկավարի որոշման պատճենի՝ որոշման 1-ին կետում արձանագրվել է «Բավարարել «Ա.» ընկերության տնօրենի դիմումը ընկերությանը պատկանող հողատարածքում գրասենյակի, բիտումի, քսայուղերի գործարանի և օժանդակ շինությունների կառուցման վերաբերյալ» գրառումը, իսկ նախագծման թույլտվության մեջ որպես օբյեկտ նշվել է «4-րդ կատեգորիա» գրառումը: Շինարարական թույլտվության մեջ ևս նշվել է «4-րդ
կատեգորիա, վարչական, արտադրական և օժանդակ շինություններ» գրառումը:
Այսպիսով, Եղվարդ համայնքի պաշտոնատար անձինք «Ա.» ընկերության կողմից կառուցապատման նպատակով թույլտվություն տալուն խոչընդոտ հանդիսացող նորմատիվ իրավական ակտերով սահմանված համալիր փորձաքննության, գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կատարման անհրաժեշտությունը քողարկելու նպատակով համայնքի վարչական մարմնում պահվող քաղաքաշինական փաստաթղթերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք) հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: