Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը ԶՈՒ բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության վարչական համալիրում զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Մովսես Հակոբյանին հայրենիքին մատուցած անուրանալի ծառայությունների համար և շնորհավորել ԳՇ նորանշանակ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Մովսես Հակոբյանը ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնում ամբողջությամբ կներդնի իր փորձը՝ ԶՈւ-ի մարտունակության բարձրացմանը հետևողականորեն հասնելու նպատակով: Ընդգծելով, որ ԶՈւ-երը վայելում են մեր ժողովրդի կատարյալ վստահությունը՝ վարչապետը հավելել է, որ այդ վստահության մեջ կան խնդիրներ, որոնք պետք է լուծել հրատապ, սակայն առանց շտապելու և առանց չմտածված քայլերի:

«Սկսած վարչապետից, ավարտած պետական համակարգի ամենացածրաստիճան պաշտոնյայով՝ պետք է խնդիր դնենք աշխատանքի զգացողությունը փոխարինելու առաքելության զգացողության, որովհետև սա է այն բարոյահոգեբանական հենքը, որը մեզ կստիպի դիմակայել անլուծելի թվացող խնդիրներին: Այս ամենի արդյունքում կարևորագույն խնդիրը ԶՈւ-երի մարտունակությունը համապատասխանեցնելն է գնահատված և կանխատեսվող ռազմական սպառնալիքներին ու պատերազմի բնույթին՝ հավանական ագրեսային դիմագրավումը երաշխավորելու համար: Կարևոր եմ համարում, որ Հայաստանի կառավարությունը, պաշտպանության նախարարությունը, բոլորս լիարժեք և ամբողջությամբ կատարենք բոլոր պարտավորությունները, որոնք ունենք զինծառայողի նկատմամբ: Մենք, ի վերջո, պետք է կարողանանք ժամկետային զինծառայողներին բարձր մակարդակով ապահովել այն բոլոր նյութական միջոցներով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Այս առումով, վարչապետը նշել է, որ ԳՇ նորանշանակ պետից ակնկալում է, որպեսզի զինվորների ծնողները դադարեն իրենց երեխաներից ստանալ ներքնաշոր, համազգեստ, հիգիենայի պարագաներ խնդրելու վերաբերյալ պարբերական զանգեր:

ԶՈւ-երի կառավարման տեսակետից վարչապետը կարևորել է միանձնյա ղեկավարության սկզբունքի ապահովումը, ԶՈւ-երում կրթական գործընթացի մակարդակի բարձրացումը ոչ միայն զինվորական, ռազմական հմտությունների, այլ նաև անձի կրթական ցենզի մակարդակի բարձրացման ուղղությամբ: «Իհարկե, չափազանց կարևոր խնդիր է մեր սպայական կազմի սոցիալական պաշտպանվածության մակարդակի և ընդհանրապես սպայի դերի բարձրացումը: Հստակ խնդիր է դրված էականորեն բարձրացնել պետական եկամուտների մակարդակը, ինչին, բնականաբար, պետք է հետևի նաև ԶՈւ-երի ֆինանսավորման ավելացումը»,- նշել է վարչապետը՝ ընդգծելով սպաներին բնակարանով ապահովելու և նրանց սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

«Սա կարևորագույն գործոն է և մեր կառավարությունը պետք է լրջագույն ջանքեր գործադրի այս խնդիրները լուծելու համար: Համոզված եմ, որ ԶՈւ-երում, անվտանգության խորհրդում կան անհրաժեշտ ինտելեկտուալ ներուժ, անհրաժեշտ մթնոլորտ, որպեսզի այս բոլոր ուղղություններով բարեփոխումներ իրականացվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով ԶՈւ-ի 2018-2024 թթ. զարգացման ծրագրին՝ վարչապետը նշել է, որ այն պետք է իրագործվի հետևողականորեն, բավարարի ժամանակի պահանջներին, արձագանքի ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխությանը և համարժեք լինի ԶՈւ-ի իրական կարիքներին: Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հույս ունեմ, որ մենք մեկընդմիշտ փակել ենք քաղաքականությանը բանակի կողմից ուղղակի կամ անուղղակի միջամտությունների էջը: Բանակը պաշտպանում է մեր երկրի սահմանները, անվտանգությունը: Բանակ ասելով՝ ես ընկալում եմ զինվոր, որը դեմքով կանգնած է դեպի հակառակորդը և թիկունքով կանգնած է դեպի հայրենիքը: Վստահ եմ, որ բանակը քաղաքական առումով ետ նայելու իրավունք չունի: Բանակի աչալուրջ հայացքը պետք է ուղղված լինի դեպի հակառակորդը, և այդ սկզբունքը պետք է պահպանել ու պաշտպանել բոլոր մակարդակներում»:

Մովսես Հակոբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր ծառայակից գործընկերներին համատեղ ծառայության համար: Նա ԳՇ նորանշանակ պետին մաղթել է հաջողություններ՝ հույս հայտնելով, որ ԶՈւ-ում ստեղծված ավանդույթները կպահպանվեն ու կզարգանան: ԳՇ նորանշանակ պետ Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ կփորձի գործով փոխհատուցել այդ վստահությունը: Այնուհետև, ըստ ձևավորված ընթացակարգի, տեղի է ունեցել ԶՈւ-երի գլխավոր շտաբի պետի պաշտոնի փոխանցման հանդիսավոր արարողությունը: ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը ԳՇ նորանշանակ պետ Արտակ Դավթյանին է հանձնել ԶՈՒ-երի ռազմադրոշը:

Please enter a valid URL