Search
Close this search box.

Սփյուռքի նախարարի հանձնարարականով «Հայկական Սփյուռք» տարեգիրքն այլևս չի հրատարակվի. կխնայվի 5 միլիոն դրամ

Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Իմ հանձնարարականը. «Հայկական Սփյուռք» տարեգիրքն այլևս չի հրատարակվի

Օրեր առաջ իմ աշխատասենյակում աչքովս մի չաղլիկ, շատ ծանր գիրք ընկավ: Հետաքրքրեց, սկսեցի ուսումնասիրել: Պարզվեց, որ դա «Հայկական Սփյուռք» անունով տարեգիրքն է, որը հրատարակում է Սփյուռքի նախարարությունը: Մեծ հաշվով գրքի էությունը հետևյալն է. տարեգրքի մեջ ընդամենը ներառված են նախարարության և գործընկերների կողմից իրականացված բոլոր միջոցառումները, նախարարի, երկրի առաջին դեմքերի կատարած այցերը: Եվ այս գիրքն ուղարկվում է սփյուռքյան մեր համայնքներին, որպեսզի աշխարհասփյուռ հայերը տեղեկացված լինեն վերոշարադրյալ կառույցների ու անձանց ծավալած գործունեության մասին:

Տարեգրքի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ ստացա նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներից: Նախ, պարզվեց, որ, օրինակ, այս տարի հրատարակվող գրքում զետեղված են 1-2 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները: Այսինքն, Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները բացում են գիրքն ու ստանում «ժամկետն անց» տեղեկատվություն: Պարզվեց նաև, որ շատ հաճախ իրացման, ինչպես նաև առաքման հետ խնդիրներ են եղել, ուստի մի մասը բաժանվել է նաև ՀՀ-ում: Եվ ամենակարևորը, այս նախագծի համար մեր բյուջեն ամեն տարի զրկվել է 5 միլիոն դրամից, կրկնում եմ՝ հինգ միլիոն դրամ «Հայկական Սփյուռք» տարեգրքի համար:

Աներկբա է՝ մեր ժողովրդի կողմից վճարվող հարկերից կազմված պետական բյուջեի ամեն մի դրամը պետք է առավելագույնս արդյունավետ օգտագործվի, հետևաբար, այսօր որոշեցի խորհրդակցել թիմակիցներիս՝ նորանշանակ փոխնախարարի, խորհրդականներիս և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ: Արդյունքում եկա այն որոշման, որ «Հայկական Սփյուռք» տարեգիրք նախագիծն իմ պաշտոնավարման օրոք չի լինելու, այդ 5 միլիոն դրամն էլ կամ կվերադարձվի բյուջե, կամ էլ անհամեմատ ավելի արդյունավետ, հավակնոտ ու գրավիչ նախագծի շրջանակներում կծախսվի:

Ես հիշեցնում եմ, որ դրսում արդեն վաղուց 21-րդ դարն է՝ նորագույն տեխնոլոգիաների դարը: Տարեգրքում հայտնված սույն տեղեկատվությունը տեսականորեն հնարավոր է անգամ մեկ ֆեյսբուքյան գրառմամբ անհամեմատ ավելի մեծ լսարանում տարածել, և դա անել առանց մեկ դրամ ծախսելու ու տոննաներով անիմաստ թուղթ վատնելու

Please enter a valid URL