«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը վերլուծելիս կարելի է լուրջ ազդակներ ստանալ՝ ինչ պրոցեսներ են տեղի ունենում, ինչ մտահոգություններ են ի հայտ գալիս Սփյուռքում և ինչ լուծումներ կարող են լինել, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ համազգային համախմբման նոր ազդակ են ստացել և ամեն ինչ կանեն՝ այն կոնկրետ քաղաքական արդյունքի, մշտական քաղաքական գործոնի վերածելու համար:
«Կառավարության առաջնահերթությունները ներկայացրել ենք և, կարևորագույնը, ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի հաղթանակի զգացումը պահպանելն է և մշտական բնույթ հաղորդելը», — նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ընդգդծեց, որ Հայաստանում խնդիրները խորացել են, երբ ժողովուրդն ընտրությունների արդյունքներին չի հավատացել և խաբված է զգացել իրեն։
«Հիմա իրենց խնդիրն է, որ այսուհետ ընտրությունները հայ ժողովրդի համար վերածվեն հաղթանակի: Հայաստանից արտագաղթի հազարամյա անիվը պետք է կանգ առնի և հետ պտտվի, և Հայաստանում կենտրոնանալու գործընթաց սկսի», — ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ հիմնական խնդիրներից է նաև Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի անվտանգությունը, բնականոն զարգացումն ապահովելը:
«Դրա համար ամենակարևոր անկյունաքարերը դրվել են», — եզրափակեց խոսքը ՀՀ վարչապետը։