«Էդ որ ջնջիր, գիտեիր վերջն է, նոր է սկսվում, միայն նրա համար, որ էդ երեխու մորն ես վիրավորել: Նայեք էս խայտառակ նկարին, որտեղ ապրիլյան քառօրյայի հերոս նահատակ Վլադիմիր Մելքոնյանի անվան դասասենյակը, ոմն Ջամբազյան իր անունով է դարձրել, վկայակոչելով մարզպետարանի և դպրոցի կոլեկտիվի որոշումները. իր ստոր արարքը եզրափակել է հերոսի մորը քաշքշելով ու հայհոյելով. հպարտությամբ տեղադրել էր, որ իբր մարզպետարանի որոշմամբ է եղել այս անվանափոխությունը, հետո տեսավ, որ վաղն անպայման դատախազությունը զբաղվելու է իր հարցով, իմ գրած ոտնձգությունը հիմք ընդունելով որպես հայտարարություն, ջնջեց: Ջնջեցիր ինչպես գրածդ, այնպես էլ խիղճդ, որ էդ 20 տարեկանը զոհվեց հանուն իմ ու քո նմանի, որ սատար կանգնենք իր ծնողին, ոչ թե հայհոյես ու քաշքշես: Ամոթ քեզ մարտական խաչի շքանշանակիր. պատասխան ես տալու… Ասեմ որ, ոչ թե պատահական եմ իմացել, այլ Վլադիմիրի մայրն է զանգել ու լացակումած պատմել ողջ եղելությունը…»:
Այս գրառումը ֆեյսբուքի իր էջում կատարել է Շիրակի մարզպետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Գրիգորյանը:
Ստոր այս արարքը ապրիլյան պատերազմի գյումրեցի նահատակ Վլադիմիր Մելքոնյանի հիշատակի նկատմամբ կատարվել է Վազգեն Առաջինի անվան Գյումրու թիվ 27 դպրոցում: Դասարանը Վլադիմիրի անունով էր անվանակոչվել 2016 թվականի մայիսի 24-ին: Դպրոցի բակում նաեւ հերոս սանի անունով հուշաքար եւ աղբյուր էր բացվել:
Վլադիմիրն այս դպրոցի սան է եղել: Գյումրեցի հերոսի մայրը պատմել է, որ իր որդու հիշատակն անարգել ու արդեն անվանակոչված դասարանն իր անունով է անվանակոչել դպրոցի նախկին զինղեկ, ՀՀ Մարտական խաչ շքանշանի ասպետ Գարեգին Ջամբազյանը: Նա դասարանից հեռացրել է ապրիլյան հերոսի լուսանկարներն ու նրա մասին պատմող ամեն ինչ, դրանք փոխարինել իր լուսանկարներով: Երբ Վլադիմիր մայրը՝ Սվետլանան, ընդդիմացել է, Ջամբազյանը, ըստ նրա, իրեն ավելորդություններ է թույլ տվել, հայհոյել է եւ փորձել է անգամ հարվածել տիկնոջը:
Մանրամասը՝ այստեղ