Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իր կառավարման ժամանակ բոլոր մարդիկ հավասար են լինելու օրենքի առաջ և սա առաջին հերթին վերաբերելու է վարչապետի ընտանիքի անդամներին, հարզատներին, բարեկամներին:
«Բացառվելու է իշխանական լծակների օգտագործումը բիզնես իրականացնելու համար: Բարձրասիճան պաշտոնյաների հայտարարագրման համակարգը փոխվելու է այնպես, որ ՀՀ ժողովուրդը իմանա, ինչ ունեցվածքի է տիրապետում յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա:
Պաշտոնավարմանը զուգահեռ ապօրինի հարստացումը պետք է բերի կոնկրետ հետևանքների: Վարչապետի պաշտոնում երաշխավորում եմ, որ հենց վաղվանից Հայաստանում չի լինի ոչ մի տնտեսական մենաշնորհ, որևէ մեկի առաջ չի գործի որևէ բան ներկրելու արգելք: Սա մենք պատրաստվում ենք անել ոչ թե մեկին ճնշելով, այլ գոյություն ունեցող արգելքները վերացնելով: Տնտեսության հիմքում պետք է լինի գիտելիքն ու նորարարությունը»,- հայտարարեց Փաշինյանը: Նա նշեց, որ այս օրերին Սփյուռքի հազարավոր գործարարներ շունչները պահած սպասում են այս ամենի հանգուցալուծմանը: Եվ որևէ կասկած չկա, որ միլիոնավոր հայեր ներգաղթելու են Հայաստան, միլիարդավոր ներդրումներ են հոսելու: Դրա շնորհիվ բարձրանալու է ՀՀ անվտանգության մակարդակը, բարձրանալու է ՀՀ բանակի մարտունակությունը, պայմաններ են ստեղծվելու ԼՂ հիմնախնդրի հայանպաստ լուծման համար: Փաշինյանը ասաց, որ Հայաստանում մերժվածներ ու լքվածներ, 30 տոկոս աղքատներ չպետք է լինեն:



