Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի՝ 2018 թվականի ապրիլի 27-ին գումարվել է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստը:
«Երկիր Ծիրանիի» անդամների ելույթները հիմնականում երկրում ստեղծված իրավիճակի մասին են։
«Եթե ինչ-որ մեկն ասում է, թե Հրապարակում տեղի ունեցողը քեֆ-ուրախություն է, «վերջին զանգ» էր կամ չգիտեմ ինչ և ուզում է այդպես մատուցել, ապա սխավում է: Սխավում եք նաև դուք. դա լինելու է ազգային ազատագրական շարժման մի կարևոր փուլ, որտեղ մենք արձանագրելու ենք հաղթանակ: Այն բեկումը, որ մտցվեց 30 տարի առաջ, այսօր մտցվելու է մեր երիտասարդների միջոցով…Եթե դուք կարծում եք՝ ձեր դերասանական կազմով պետք է անցկացնեք ձեր «վերջին զանգը», դուք սխավում եք. միևնույն է՝ բոլոր այն մարդիկ, ովքեր ապօրինության հեղինակներ են, պետք է դատապարտվեն»,- Երևանի ավագանու հերթական նիստի իր ելույթում ասաց «Երկիր ծիրանի»-ի ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը երբեմն զգուշացնում էր նրանց կարճ խոսել, բայց քիչ հետո ասաց. «Խոսեք, եթե այլ տեղեր ձեզ հարթակ չեն տալիս, օգտվեք ձեր իրավունքից, այստեղ արտահայտվեք»։
Նշենք, որ նիստի օրակարգում ընդգրկված է 6 հարց, այդ թվում 2017-ի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը։
Ի դեպ, «Ելք» դաշինքը բոյկոտել է Երևանի ավագանու նիստը և չի մասնակցում:



