Երևանում ՌԴ դեսպանատունը ապրիլի 25-ին քաղաքում շարունակվող բողոքի ակցիաների առնչությամբ ձեռնարկել է լրացուցիչ անվտանգության միջոցառումներ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են դիվանագիտական առաքելությունում:
«Մեր հայ գործընկերները ձեռնարկել են անվտանգության արտաքին միջոցառումներ, մենք մեր հերթին սահմանափակել ենք մեր աշխատակիցների դուրս գալը, խորհուրդ ենք տվել պարզապես այսօր դուրս չգալ (դեսպանատան սահմաններից): Ընդհանուր առմամբ՝ դեսպանատան հարակից տարածքներում իրավիճակը հանգիստ է»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը:
Դիվանագիտական առաքելությունում միևնույն ժամանակ դեռ չեն մեկնաբանում ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը հայտնել է ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հետ հանդիպում անցկացնելու մտադրության մասին: Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ հանդիպել է ԵՄ դեսպանների հետ և նաև պատրաստվում է հանդիպել ԱՄՆ դեսպանի հետ:



