ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, վերջին օրերին Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարությանը` արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։
«Հիմա արդեն ակնհայտ է, որ ՀՀԿ–ն և Կարեն Կարապետյանը մտածում են, որ ՀՀ քաղաքացին և ժողովուրդն իրեն բավարարված է զգում Սերժ Սարգսյանի հրաժարականով և ժամանակն է մտածել ՀՀԿ–ի վերարտադրության մասին։
Կարծում եմ, այս իրավիճակում պետք է հստակ մեր դիրքորոշումն արտահայտենք, և արձանագրենք, որ իրադարձությունների նման զարգացումը չի կարող մտնել հեղափոխության պլանների ու ծրագրերի մեջ»,–ասաց Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ 2017 թվականի ընտրության օրինակով գիտեն, թե ինչպես են անցնում այդ ընտրությունները։
Նա նշեց, որ իրենք կարող են ակտիվ ձևով բոյկոտել այդ ընտրությունները` շրջափակելով տեղամասերը և թույլ չտալով, որ ՀՀԿ–ն վերարտադրվի։
«Կարծում եմ, որ հեղափոխությունը հստակ ուղերձ է հղել` ՀՀ–ում ՀՀԿ–ն այլևս չի կարող իշխանություն ունենալ։ Սերժ Սարգսյանը հեռացել է, բայց պետք է իշխանությունից զրկվեն նաև հանրապետականները, որ Սերժ Սարգսյանը չկարողանա հանրապետականների միջոցով ստվերից կառավարի իշխանությանը։ Կոչ ենք անում շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները և կարծում եմ, ևս մեկ քայլ պետք է արվի` «թավշյա հեղափոխությունն» ավարտին հասցնելու համար»,–ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց այսօր ժամը 11–ից սկսել փողոցների շրջափակումները, դասադուլները, իսկ ինքը հայտնեց, որ այդ ժամին կլինի Հանրապետության հրապարակում։ մեկնում է Հանրապետության հրապարակ։
«Մենք թույլ չենք տա, որ ՀՀԿ–ն փորձի նման գործողություններ իրականացնել, ինչքան շուտ հասկանաք, այդքան լավ բոլորիս համար»,–ասաց նա։


