Search
Close this search box.

Կարեն Կարապետյանը` Նիկոլ Փաշինյանի հետ վաղվա բանակցության մասին

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ապրիլի 24-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:

ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և հանդիպմանը ներկա գտնվելու համար`վստահություն հայտնելով, որ դեսպանները ուշադրությամբ հետևել են վերջին օրերին Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն էլ ամենօրյա կապի մեջ է եղել նրանց հետ: Վարչապետի պաշտոնակատարը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին և միջազգային կառույցներին, որոնք այս ընթացքում հանդես եկան հավասարակշռված կոչերով և ուղերձներով՝ ուղղված լարվածության թուլացման և իրադարձությունների խաղաղ ընթացքին:

Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ իր ստանձնած բոլոր միջազգային պարտավորություններին և հանձնառություններին: Վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

«Արձանագրեմ, որ մեր երկիրն ամեն ինչ արեց բռնությունից խուսափելու և ազգային համերաշխության մթնոլորտ ստեղծելու, հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար:

Սա, կարծում եմ, լավագույնս վկայում է Հայաստանում ժողովրդավարության հասունության և պետական մտածողության մասին: Կարծում եմ` Հայաստանը, աշխարհին հստակ ազդակ է տվել, որ ստեղծել է կայուն պետական ինստիտուտներ, ձևավորել ժողովրդավարություն, որն այսօր հաստատակամորեն առաջ է շարժվում:

Հատուկ ուզում եմ ընդգծել այս գործընթացներում ոստիկանության և անվտանգության ուժերի դրսևորած բարձր պրոֆեսիոնալիզմը, հանդուրժողականությունը և անմնացորդ ծառայությունը մեր երկրին:

Ուզում եմ ընդգծել նաև մեր պայծառ երիտասարդության դերակատարումը: Հենց այդ երիտասարդությունն է մեր ապագան, և հենց նրանք են հանդիսանալու կայուն հենարան մեր երազած Հայաստանը կերտելու գործում:

Ցանկանում եմ առանձնահատուկ շեշտել, որ Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ իր ստանձնած բոլոր միջազգային պարտավորություններին և հանձնառություններին, և մենք կգործադրենք անհրաժեշտ ջանքերը, որպեսզի բնականոն կերպով շարունակենք մեր գործընկերների աջակցությամբ իրականացվող բարեփոխումները և այլ ծրագրերը:

Մեր բոլոր պետական հաստատությունները անխափան շարունակելու են իրենց աշխատանքը՝ ապահովելու Հայաստանի քաղաքացիների և հյուրերի անվտանգությունը, բնականոն կյանքը, ինչը մեր պետականության հասունության կարևորագույն ցուցանիշն է:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակելու են ամուր պահել մեր երկրի սահմանները, ինչպես նաև երաշխավորել Արցախի և նրա ժողովրդի անվտանգությունը:

Վստահ եմ՝ մեր բոլոր միջազգային գործընկերները կշարունակեն զգոնությամբ հետևել, որպեսզի Ադրբեջանը պատրանքներ չունենա և որևիցե արկածախնդրության չդիմի՝ փորձելով օգտվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակից: Այս ուղերձը պետք է հստակ լինի Ադրբեջանի համար:

Մեր տարածաշրջանի կայունությունը, անվտանգությունը բխում է ինչպես մեր, այնպես էլ միջազգային հանրության շահերից:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրներին և միջազգային կառույցներին, որոնք այս ընթացքում հանդես եկան հավասարակշռված կոչերով և ուղերձներով՝ ուղղված լարվածության թուլացմանը և իրադարձությունների խաղաղ ընթացքին:

Կարծում եմ տեղյակ եք` առաջիկայում պարոն Նիկոլ Փաշինյանի հետ տեղի կունենան բանակցություններ, որոնց ընթացքում կփորձենք լուծումներ գտնել:

Օրակարգը բաց է, և ինչպես ենթադրում են բանակցությունները՝ յուրաքանչյուր կողմ կարող է իր առաջարկություններով հանդես գալ:

Անկախ ամեն ինչից՝ ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ բոլոր լուծումները պետք է լինեն քաղաքակիրթ և տրամաբանական, Սահմանադրության և օրենքների շրջանակներում, և վստահեցնում եմ, որ կանեմ հնարավորը մեր ժողովրդի համերաշխությունը և համախմբվածությունը ապահովելու համար և չեմ թաքցնում` նույնը ակնկալում եմ նաև մեր գործընկերներից», -նշել է Կարեն Կարապետյանը:

Please enter a valid URL