Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի բացառապես իրավական դաշտում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը՝ ապրիլի 24-ին Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում ընդունելով Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, դեսպանը տեղեկատվություն է տրամադրել երկրի վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Հայաստանի ընթացիկ իրադրության մասին: «Ռուսական կողմից ընդգծվել է, որ Մոսկվայում ուշադիր հետեւում են Հայաստանի ներքաղաքական իրադրության զարգացմանը եւ դրա շուտափույթ կայունացում են մաղթում ի շահ եղբայրական հայ ժողովրդի բարօրության,նշել են ՌԴ ԱԳ նախարարությունում:
Հուսով ենք, որ առկա բոլոր հակասությունները կկարգավորվեն բացառապես իրավական դաշտում»:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հայ-ռուսական արտաքին քաղաքական փոխգործակցության հրատապ թեմաները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,-հավելել են նախարարությունում: