ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը «Ա1+»-ի հետ զրույցում ներկայացրեց ԱԺ պատգամավորին հարկադրաբար բերման ենթարկելու ընթացակարգը՝ նախապես տեղեկացնելով, որ ԱԺ նոր Կանոնակարգին լիարժեքորեն չի տիրապետում. «Ոստիկանությունը դեպքի վայրից պատգամավորին հարկադրաբար բերման ենթարկելուց անմիջապես հետո այդ մասին պետք է տեղյակ պահի ԱԺ նախագահին, որից հետո ԱԺ արտահերթ նիստ պետք է հրավիրի, եթե ոստիկանությունը պնդում է պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Եթե նման հարց չկա, ապա ոստիկանությունն ու ԱԺ նախագահը հետեւում են, որպեսզի պատգամավորը սահմանված ժամկետում ազատ արձակվի»:
Ինչ վերաբերում է Երեւանի կենտրոնում անցկացվող քաղաքացիական անհանզանդության ակցիաներին եւ ԱԺ պատգամավորների բերման ենթարկելուն, ապա պարոն Հարությունյանն ասաց. «Երբ ասում են՝ խաղաղ ցույց են անում, սակայն բոլոր փողոցները փակում են, դրանով անդրադառնում է այլոց ազատ տեղաշարժվելու իրավունքին են բռնանում: Խաղաղ ցույցն իր սահմաններն ունի: Այս ակցիաներն իր կազմակերպիչն ունի, որը կրում է այդ ամենի պատասխանատվությունը: Ես ըմբռնումով եմ մոտենում նման դրսեւորումներին, ուղղակի ասում եմ՝ եկեք իրերն իրենց անուններով կոչենք՝ ամեն ցույց չէ, որ կարելի է համարել խաղաղ, եթե դա բերում է մասսայական պարալիզացիայի»:
Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի առաջարկն ընդդիմության ղեկավարն, ըստ էության, մերժեց. «Արմեն Սարգայանը կամ Կառավարությունը պետք է հստակ ասեին, թե ինչ են պայմանավորվել, քանի որ ես չեմ կարծում, որ վարչապետ Սարգսյանը, իմանալով, որ պայմանավորվածություն կա՝ գնում ենք, որպեսզի իր հրաժարականի ընթացակարգը քննարկվի, ու նա գնա հանդիիպման: Ես խորապես համոզված եմ, որ պայմանավորվածությունը բոլորովին այլ է եղել՝ հանդիպել ու փորձել հասկանալ, փորձել գտնել ելքեր իրավիճակից: Եթե Սերժ Սարգսյանը մտադրություն ունի իշխանությունը փոխանցելու հարց, դա Նիկոլի հետ չի քննարկի, այլ դա կքննարկի այն շրջանակների հետ, որտեղ պետք է այդ քաղաքական որոշումը կայացվի ու հանդես կգա հայտարարությամբ: Նա գնացել է, որպեսզի ընդդիմության լիդերին շանս տա՝ նստենք բանակցությունների ու տեսնենք ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը որն է: Այո, մեզանում կան համակարգային բնույթի չլուծված արատներ, որոնք կոռոզիայի են ենթարկում մեր իրականությունը: Ես համոզված եմ, որ այդ խնդիրների լուծման ճանապարհը հեղափոխությունները չեն, այլ բանակցություններն են: Հիմա սա ես համարում եմ կորցված հնարավորություն: Հիմա սեղանին դրված է ոչ այնքան մեր համակարգային խնդիրների լուծումը, այլ վտանգվում է մեր անվտանգությունը: Կարծում եմ՝ դեռեւս ուշ չէ՝ նորից նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ ուղղակի խոսել»:
Ինչ վերաբերում է պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին ու Սասուն Միքայելյանին բերման ենթարկելու փաստին, ապա Խոսրով Հարությունյանի համոզմամբ՝ սա ոչ այնքան բերման ենթարկել է, որքան մեկուսացնել. «Մեկուսացնում են, որպեսզի այս ալիքը հանդարտվի, որպեսզի շանս լինի, քանի որ Նիկոլ Փաշինայնը կարող էր դառնալ իր կարգախոսների պատանդը հիմա: Նրա սեփական դեմքը պահելու խնդիր էլ այսօր գոյություն ունի, հավանաբար, ես ենթադրում եմ: Սա հնարավորություն է հանդարտեցնել իրավիճակն ու բանակցել»: