Search
Close this search box.

Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը տևեց մի քանի րոպե

Ուրախ եմ, որ արձագանքեցիք իմ բազմաթիվ կոչերին երկխոսելու, թեեւ լավ չեմ պատկերացնում, թե տասնյակ լրագրողների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, «Մարիոթ» հյուրանոցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսայկցության առաջնորդ Նիկոլ Փաինյանի հետ հանդիպման սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Ի պատասխան Փաշինյանն արձագանքեց. «Ես կարծում եմ թյուրըմբռնում կա, երբ ես խոսել եմ պարոն Սարգսյանի հետ, ես շատ հստակ արձանագրել եմ, որ խոսքը ոչ թե ձեր առաջարկած երկխոսության մասին է, այլ մեր առաջարկած օրակարգի մասին է: Ես եկել եմ այստեղ քննարկելու ձեր հրաժարականի պայմանները եւ իշխանության անցնցում փոխանցելու պայմանները, հետեւաբար ձեզ կոչ եմ անում  երկխոսություն տերմինը չօգտագործել»:

Սերժ Սարգսյանը նկատեց, որ դա բանակցություն չէ, երկխոսություն չէ, ուղղակի ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին. «Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից, եւ եթե այդ տոնով պետք է խոսեք, ապա ինձ մնում է միայն ձեզ եւս մեկ անգամ խորհուրդ տալ, որ գաք օրինական դաշտ եւ ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ դեպքում՝ ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա է, ընտրեք»,-ասաց ՀՀ վարչապետը:

Փաշինյանն էլ նշեց. «Պարոն Սարգսյան, ես ուզում եմ շատ հստակ լինի: Մեզ հետ որեւէ մեկը չի համարձակվել սպառնալիքների տոնով խոսել, ես ասում եմ, որ դուք չեք պատկերացնում հանրախպետությունում իրավիճակը: Իրավիճակը Հայաստանում այնպիսին չէ ինչ-ես 10-15 օր առաջ, իրավիճակը ՀՀ-ում փոխվել է, դուք ՀՀ-ում չունեք այն իշխանությունը, որի մասին ձեզ զեկուցում են: Հայաստանում իշխանությունը անցել է ժողովրդի ձեռքը»:

Սերժ Սարգսյանն անմիջապես արձագանքեց. «Ժողովրդի անունից՝ 7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու եւ ես այլեւս ցանկություն չունեմ շարունակելու խոսակցությունը: Եթե դուք պետության օրինական պահանջը չեք ընդունում, ցտեսություն: Պարոնայք լրագրողներ, դուք ինքներդ հետեւություն արեք»,-ասաց Սարգսյանն ու հեռացավ դահլիճից:

Please enter a valid URL