Search
Close this search box.

ՀՀ նախագահ. Պատրաստակամ եմ հանդի­պե­լու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ առկա լարվածությունը քա­ղա­քա­կան ուժերի երկխոսության միջոցով մեղմելու նպատակով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին։ Դրանում մասնավորապես ասված է․

«Սիրելի հայրենակիցներ,

Իմ խոր անհանգստությունն եմ հայտնում Հանրապետությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Օդի մեջ կախված անհանդուրժողականությունը հասել է գագաթնակետին: Ինձ խորապես անհանգստացնում է երկխոսության առաջարկի մերժումը, որը կարող է հանգեցնել առճակատման:

Ուստի դիմում եմ բոլորին՝ մի պահ կանգ առնել և սթափ մտածել, թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել այս դիմակայությունը:

Սա քաղաքական կոչ չէ, այլ դիմում եմ ձեզ որպես ծնող, որպես բարեկամ և որպես հայ մարդ:

Կոչ եմ անում բոլորին՝ ցանկացած քայլ անելուց առաջ հանդես բերել ծայրահեղ զսպվածություն և պատասխանատվություն, խստորեն հետևել օրենքի ոգուն և տառին, դուրս չգալ Հայաստանի քաղաքացու իրավունքների և պարտականությունների շրջանակից, դուրս չգալ ձեր պաշտոնական իրավասությունների շրջանակից:

Քաղաքական ցանկացած պահանջ, ինչքան էլ այն հիմնավոր թվա, եթե վտանգելու է քաղաքացու առողջությունն ու կյանքը, դառնում է իմաստազուրկ:

Ցավոք, մենք դրա փորձն ունենք և թույլ չպետք է տանք այն կրկնվելու:

Չեն լինելու հաղթողներ և պարտվողներ, տուժելու ենք բոլորս, տուժելու է երկիրը:

Անհրաժեշտ է պարպել լարվածությունը: Չպետք է թույլ տալ, որ կողմերին բաժանող անջրպետը հնարավոր չլինի կամրջել:

Ուստի, պատրաստակամ եմ հանդի­պե­լու Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ՝ առկա լարվածությունը քա­ղա­քա­կան ուժերի երկխոսության միջոցով մեղմելու նպատակով»:

 

Please enter a valid URL