Search
Close this search box.

Սենա նետվելուց հետո դերասանը Շառլ Ազնավուրից սմոքինգ է նվեր ստացել

Ռուս դերասան Անդրեյ Անկուդինովը միշտ սիրել է Շառլ Ազնավուրի երգերը և շատ է ուզել ծանոթանալ երգչի հետ։ Մի անգամ ճակատագիրը նրան այդպիսի հնարավորություն ընձեռել է, և նա ոչ միայն ծանոթացել, այլև ընկերացել է մեծն Շառլի հետ։
Ռուս դերասան և կինոռեժիսոր Անդրեյ Անկուդինովը պատմել է, թե ինչպես է ծանոթացել իր կուռքի` ֆրանսիահայ երգիչ Շառլ Ազնավուրի հետ։

«Բաստիլի գրավմանը նվիրված ամենամյա համերգի իմպրեսարիոն ինձ նկատեց և հրավիրեց երգելու։ Ես որոշեցի ֆրանսիական շանսոնից պոպուրի կատարել։ Դուրս եկա բեմ, սկսեցի երգել` «Ա Պաղի-ի-ի»… Եվ հանկարծ տեսա, որ երկրորդ շարքում նստած է Իվ Մոնտանը, որի երգը ես այդ պահին երգում եմ… Միանգամից չնկատեցի նրա կողքին նստած փոքրիկ մարդուն։ Շառլ Ազնավուրն էր», — Kubnews.ru առցանց պարբերականին տված հարցազրույցում ասել է նա։

Համերգից հետո փոքրիկ ճաշկերույթ է կազմակերպվել Ալեքսանդր III-ի կամրջի մոտ գտնվող սրճարանում, հրավիրել են նաև Անդրեյ Անկուդինովին և ևս մի քանի երաժշտի։

«Երբ խմեցինք, քաջություն հավաքեցի ու սկսեցի բղավել, որ բոլոր ֆրանսիացիները ժլատ են, և եթե չլիներ մեր արքան, նրանք երբեք չէին տեսնի Ֆրանսիայի մայրաքաղաքի ամենագեղեցիկ կամուրջը։ Եվ ընդհանրապես ես հիմա բոլորին ցույց կտամ, թե ինչպես է պետք սիրել հայրենիքը։ Վազեցի ու համերգային սպիտակ սմոքինգով նետվեցի Սենը։ Դուրս եկա ոտքից գլուխ կանաչ, քանի որ գետը ծաղկում էր», — պատմել է դերասանը։
Սթափություն կորցրած արտիստին նստեցրել են ավտոմեքենան։ Նա համոզված է եղել, որ ոստիկանություն են տանում, բայց շատ է զարմացել, երբ հայտնվել է խանութում, և նրան պողպատագույնի սմոքինգ են տվել` նվեր Ազնավուրից։

Այդ ժամանակ շանսոնյեն ժպիտով ասել է. «Տեսնո՞ւմ եք` ոչ բոլոր ֆրանսիացիներն են ժլատ»։

«Դուք ի՞նչ ֆրանսիացի։ Չէ՞ որ դուք հայ եք», — անմիջապես ասել է Անկուդինովը։

Մանրամասները

Please enter a valid URL