Search
Close this search box.

Հայաստանից հեռացողների թիվը նվազել է, Գյումրին սկսել է շնչել.Նախկին վարչապետը ներկայիս վարչապետի մասին

Facebook-ի իր էջում ՀՀ նախկին վարչապետ, ներկայում Հայ-սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը գրել է.
Անդրադառնալով գործող վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությանը՝, նա, մասնավորապես, գրել է.
«ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց Սահմանադրությանը համապատասխան՝ իր կառավարության մոտալուտ հրաժարականի մասին: Անկախ նրա հետագա քաղաքական կամ կառավարչական գործունեությունից ուզում եմ անդրադառնալ հետեւյալին.
1) 2017-ին, 2016-ի համեմատ տեղի է ունեցել ուղեւորահոսքի բացասական մնացորդի էական կրճատում՝ -48.2 հազարից իջնելով մինչեւ -26.9 հազար: Այլ կերպ ասած, էապես նվազել է Հայաստանից ընդմիշտ հեռացողների քանակը;
2) Իր գործունեության ընթացքում ոչ իր, եւ ոչ էլ կառավարության ցանկացած անդամի հետ կապված որեւէ հանրային քննարկման առարկա դարձած կոռուպցիոն գործարք չի արձանագրվել;
3) Տաղանդաշատ եւ արհեստավարժ բազմաթիվ երիտասարդներ են ներգրավվել պետական կառավարման ոլորտ, ինչը դեպի պետություն երիտասարդության վստահության զգալի ավելացման ցուցանիշ է;
4) Մասնավոր-պետական համագործակցության մի շարք հիանալի ծրագրեր են իրականացվել, որոնք այլեւս հարատեւ են լինելու;
5) Հայաստանի բոլոր մարզերում նոր որակի կառավարման մշակույթ է ներդրվել, մեր համայնքների ղեկավարները վերջապես հասկացան, թե ինչ ոճով է անհրաժեշտ աշխատել Կառավարության հետ;
6) Աշխարհում արդեն փորձարկում անցած կառավարչական թվային մոդելների ներդրման ահռելի մեծ եւ կարեւոր գործընթաց է սկսվել երկրում;
7) Մեր անկախության պատմության մեջ առաջին անգամ սկսել է զգացվել Հայաստանի՝ որպես ԵՏՄ եւ ԵՄ կապող բիզնես-կամուրջի դերը (այստեղ, իհարկե, մեծ է Նախագահ Սարգսյանի առաջնորդության գործոնը), մենք իրոք արդեն զգում ենք մասնավորապես Ռուսաստանյան մասնավոր բիզնեսի հետաքրքրությունը մեր երկրի հնարավորություններով;
8) Բյուջեի հարկային եկամուտները 20 եւ ավել տոկոսով ավելացնելը՝ առանց բիզնեսի նկատմամբ ճնշումը մեծացնելու, հանաք բան չէ;
9) Բազմաչարչար ու տանջված Գյումրին է սկսել շնչել, անհավատալի է;
10) Եվ իհարկե, ԺՊԻՏԸ, արդեն ֆիրմային նրբերանգ դարձած կարապետյանական ժպիտը, որի ուղեկցությամբ Կարեն Կարապետյանը մեզ մշտապես լավ տրամադրություն էր ցանկանում:
Այս ամենի, եւ էլի շատ բաների համար, որպես պատասխանատու ՀՀ քաղաքացի, ուզում եմ անկեղծ ասել. ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, պարոն Վարչապետ: Բարին ընդ Ձեզ:

Please enter a valid URL