Search
Close this search box.

Շրջափակել Ազգային ժողովի բոլոր մուտքերը. Սերժ Սարգսյանի վերատադրման կասեցման «Ելք»-ի առաջարկը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը գնահատելով Ելքի քայլերթը և սպասելիքները, առանձնացրել է կարևոր մի գործողություն` առաջիկայում շրջափակել ԱԺ բոլոր մուտքերը.

«Մենք առաջ ենք շարժվում մեր ծրագրով՝ դեպի Ազատության հրապարակ, որտեղ ապրիլի 13-ին, ժամը 18.30-ից սկսած 4 օր շուրջօրյա հավաք ենք իրականացնելու: Մեր 14-օրյա քայլերթի նպատակն է քաղաքացիներին մանրամասն ներկայացնել մեր ծրագիրը: Այն է՝ հրապարակում համախմբել այնքան մարդ, որ հնարավոր լինի շրջափակել Ազգային ժողովի բոլոր մուտքերը և թույլ չտալ, որ պատգամավորները, մուտք գործելով շենք, քվեարկեն Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու օգտին: Եթե երկու անգամ չկայացավ քվեարկություն, ապա Ազգային ժողովը օրենքի ուժով լուծարվում է, և նշանակվում են նոր խորհրդարանական ընտրություններ: Ի դեպ, հետաքրքիր թվաց, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հաշվարկել էր, որ Ազգային Ժողովի ամբողջական շրջափակման համար անհրաժեշտ է ծածկել 12,800 քմ տարածք, իսկ թիրախային (միայն մուտքերը) շրջափակման համար՝ 5,200 քմ: Միջին հաշվարկով, խիտ կանգնելու դեպքում (1քմ-ում 4 մարդ), ԱԺ-ն ամբողջությամբ շրջափակելու համար անհրաժեշտ է 51,200 մարդ, իսկ թիրախային շրջափակման դեպքում՝ 20,800 մարդ:
Ինչ վերաբերում է մեր սպասելիքներին, ապա մենք միայն մի ակնկալիք ունենք. որ Հայաստանի քաղաքացիները նույնպես անեն իրենց քայլը դեպի Ազատության հրապարակ: Կարծում եմ՝ դեռ վաղաժամ է գնահատել, թե որքանով է մեր այս ակնկալիքն արդարացված, քանի որ այսօր 14-օրյա քայլարշավի դեռ 6-րդ օրն է: Մենք շարունակում ենք քայլել ու մեր քայլն անդադար հիշեցում է մեր բողոքի ու անհամաձայնության մասին, ամեն րոպե հիշեցում է, որ կա լճացումից ազատվելու հնարավորություն, որ կան մարդիկ, ովքեր իրենց քայլով օրինակ են ծառայում»,- նշել է Ելքի պատգամավորը:

Please enter a valid URL