Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը երկար խաղ է խաղում, ցավոք Հայաստանում չեն կարողանում նոր առաջնորդ ընտրել. Թոմաս դը Վալ

Հայաստանը իշխանափոխության փուլ է մտնում, որը որոշակի իմաստով փորձ է: Այս մասին իր հոդվածում գրել է բրիտանացի լրագրող, Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը:

Վերլուծաբանը նշում է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը անցյալում հերքում էր, որ ուզում է ստանձնել վարչապետի պաշտոնը, սակայն ամեն ինչ ցույց է տալիս, որ նա վարչապետ կդառնա: «Շատ իմաստներով ոչինչ չի փոխվի: Նախագահական վարչակազմի շենքը, որտեղ Սարգսյանը աշխատում է, կդառնա նախագահի գրասենյակ, պարզապես այլ անվանական ցուցանակով»,-գրում է Դե Վաալը:

Նրա խոսքով՝ այս մեխանիզմը թույլ կտա իշխող էլիտային մնալ իշխանության, ինչպես դա հաճախ տեղի է ունենում հետխորհրդային երկրներում:

«Սարգսյանը 2008-ից իշխանության է, եւ ցավոք, երկիրը չի կարողանում այս ամբողջ ընթացքում նոր առաջնորդի ընտրել:

Այնուամենայնիվ, օբյեկտիվորեն ասած, նոր դասավորվածությունը եւ լիազորությունների բաժանումը ավելի լավ կաշխատեն Հայաստանի համար, քան նախկինները: Անցյալ ամիս Հայաստան այցելելով, ես տեսա, որ տրամադրություններն ավելի դրական են, քան ես ակնկալում էի», — գրում է նա:

Նա նշում է, որ չորս տարի առաջ Հայաստանը վատագույն վիճակում էր. տնտեսությունը հազիվ վերականգնվել էր 2009 թվականի տնտեսական ճգնաժամի արդյունքում առաջացած մեծ կորուստներից, իսկ Սարգսյանը «Մոսկվայի ճնշման ներքո հետ կանգնեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքումից»:

Դե Վաալը Սարգսյանին «խորաթափանց քաղաքական գործիչ է անվանում, որը երկար խաղ է խաղում»: Նա ընդգծում է, որ այդ ժամանակվանից, Սարգսյանը շատ է աշխատել ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու համար:

Չնայած Ռուսաստանը շարունակում է մնալ հիմնական գործընկերը, Հայաստանը պահպանել է Բրյուսելի հետ իր գործարքի բազմաթիվ քաղաքական ասպեկտները եւ անցյալ տարի ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին նոր համաձայնագիր ստորագրեց: Այն խոստանում է ԵՄ-ի աջակցությունը ավելի լավ ներդրումային միջավայր ստեղծելու, քաղաքացիական հասարակությանն աջակցելու եւ շրջակա միջավայրի պահպանությունն ուժեղացնելու գործում»,-կարծում է վերլուծաբանը:

Դե Վաալի խոսքով, փոփոխությունները անդրադարձել են նաեւ կառավարության առանցքային պաշտոններին: Այսպիսով, Սարգսյանը «ազատվեց բացարձակ ժողովրդականություն չվայելող Հովիկ Աբրահամյանից եւ ավելի դինամիկ վարչապետ նշանակեց՝ Կարեն Կարապետյանին», ինչպես նաեւ պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակեց «պրոֆեսիոնալի, ԱՄՆ-ում կրթություն ստաած 42-ամյա Վիգեն Սարգսյանին»: Բացի այդ, նա ընդգծում է, որ Արմեն Սարգսյանը «լավ ընտրություն» է նախագահի պաշտոնի համար:

«Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը ստեղծել է գլուխկոտրուկի հատվածներ, որոնք կարող են Հայաստանին առաջ տանել: Բայց առանցքային հարց է՝ կտանե՞ն արդյոք»,- գրում է վերլուծաբանը:

Հայաստանի հիմնական խնդիրները դեռեւս «ահռելի» են: Սահմանադրական փոփոխությունների հետեւանքով ավելի հզոր դարձած խորհրդարանը մնում է բիզնեսի եւ քաղաքականության միջեւ կապող օղակ, որն առաջացնում է կոռուպցիա: Արտագաղթի մակարդակը բարձր է մնում: Ընդ որում, երկրի վրա կախված է չլուծված ղարաբաղյան հիմնախնդիրը եւ փակ սահմանները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ:

«Եթե այս դրական շրջադարձը հաստատվի, եւ վարչապետ Սարգսյանը, իրոք, ցանկանում է ավելի լավ գործող եւ բաց Հայաստան տեսնել, մենք պետք է ուշադիր հետեւենք, թե ում է նա նշանակելու կառավարության առանցքային պաշտոններին: Այլ կերպ ասած, Սարգսյանը մտածում է ելքի ռազմավարության մասին կամ պարզապես ուրախ է նրա համար, ի՞նչ կա»,-եզրափակում է նա:

Please enter a valid URL