Search
Close this search box.

Վարչապետի հանձնարարականները՝ հակահրդեհային անվտանգության հսկողության խստացման վերաբերյալ

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Երևանի կենտրոնում տեղակայված հանրային սննդի օբյեկտում տեղի ունեցած պայթյունին: Նա նշեց, որ դրա հետևանքով տուժեց 8 մարդ: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, ինչպես նաև գործադիր մարմինները ըստ ցուցումների կատարում են անհրաժեշտ աշխատանքները։

«Միաժամանակ նշված դեպքը, հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների նկատմամբ  պետական հսկողության խստացման հիմք է հանդիսանում»,- ասաց Կարեն կարապետյանը: Նա արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարեց 2-ամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ արտադրական վտանգավոր օբյեկտների, ինչպես նաև հանրային սննդի oբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից, հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման, ինչպես նաև թերությունների հայտնաբերման ուղղությամբ: Խախտումների արձանագրման դեպքերում հանձնարարվեց սահմանել սեղմ ժամկետներ՝ խնդիրները վերացնելու, իսկ դրանք չկատարելու դեպքում կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ:

Ըստ վարչապետի՝ համապատասխան կազմակերպություններում աշխատանքի անվտանգության ապահովման հարցերով պետք է ներգրավել նաև առողջապահական տեսչական մարմնին։Վարչապետն ասաց, որ առաջարկում է գործարար միջավայրի ներկայացուցիչներին, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող կազմակերպությունների ղեկավարներին սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև համագործակցելով Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ՝ միջոցներ ձեռնարկել հնարավոր խնդիրների վերհանման և վերացման ուղղությամբ, բարձրացնելով համապատասխան օբյեկտներում տեխնիկական անվտանգության պայմանները։

Արտակարգ իրավիճակների և տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարներին հանձնարարվեց 2-ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել տեխնիկական անվտանգության ոլորտում հսկողական մեխանիզմների կատարելագործման, ոչ ամբողջական օրենսդրական կարգավորումների հստակեցման, ԵՏՄ շրջանակներում ընդունված տեխնիկական կանոնակարգերի ներդրման, ինչպես նաև գործնականում առկա այլ խնդիրների վերացմանն ուղղված առաջարկություններ:

«Պարոն Տոնոյան, ուշադիր կլինեք, որպեսզի այս հանձնարարականի հետևանքով չունենանք ադմինիստրատիվ պրոբլեմներ և լիազորությունների ոչ ճիշտ ընկալում ու իրականացում»,- ասաց վարչապետը:

Please enter a valid URL