Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Զինծառայողների իրավունքներին առնչվող բողոքների ուսումնասիրության հիման վրա մշակվել և շրջանառության է ներկայացվել օրենսդրական նախագծերի փաթեթ, որը վերաբերում է զինվորական ծառայության ոլորտում զինծառայողների իրավունքների երաշխավորմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես նշված է ՀՀ ՄԻՊ-ի 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ, նախագծերի ընդունմամբ կբացառվի նախկինում հանցագործություն կատարած լինելու փաստը, որպես զինծառայողի կարգապահական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք դիտարկելը, հստակ կամրագրվի կարգապահական տույժի մասին հրամանը զինծառայողին տրամադրելու կամ հայտարարելու պարտադիր պահանջ, ինչպես նաև կսահմանվեն այն որոշումների տեսակները, որոնք կարող են ընդունվել վերադաս հրամանատարի կողմից՝ կարգապահական տույժ տալու մասին որոշումը զինծառայողի կողմից բողոքարկելու արդյունքում:
«Առաջարկվում է բացառել զինծառայողի նկատմամբ «օրվա արտահերթ վերակարգի» կիրառումը՝ որպես կարգապահական տույժ: Առաջարկվում է նաև օրենսդրորեն ամրագրել, որ ծառայողական քննությանը մասնակցելու պահից զինծառայողն իրավունք ունի գրավոր ծանոթանալ իր իրավունքներին և պարտականություններին, կհստակեցվեն զինծառայողների նկատմամբ ծառայողական քննությունը դադարեցնելու, կասեցնելու, քննությունը վերսկսելու հիմքերը և ընթացակարգը և այլն,- ասված է հաղորդման մեջ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի բոլոր առաջարկությունները Պաշտպանության նախարարությունը ստանում է ամփոփիչ տեսքով և բոլորն էլ քննության են առնվում, որից հետո մասնագիտական եզրակացությունը ուղարկվում է ՄԻՊ:
«Մենք ակտիվ համագործակցության մեջ ենք գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ: Ինչ վերաբերվում է այդ դրույթներին, նախարարությունը կքննարկի և իր մասնագիտական եզրակացությունը կներկայացնի ՄԻՊ-ին» ,-ասաց Հովհաննիսյանը: