Search
Close this search box.

Զախարովան հայտնել է Ռուսաստանից բրիտանացի 50 դիվանագետների արտաքսելու մասին

Ռուսաստանից կարտաքսվեն բրիտանական դիվանագիտական առաքելության 50-ից ավելի աշխատակիցներ՝ որպես ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու Լոնդոնի որոշման պատասխան միջոցառում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «Ռուսաստանցի եւ բրիտանացի դիվանագետների թվի միջեւ տարբերությունը 50 մարդուց ավելի է»,- հայտարարել է Զախարովան: Ռուսաստանի ԱԳՆ-ն նախօրեին հայտարարել էր Մեծ Բրիտանիայի եւ արեւմտյան երկրների դեմ հայելային միջոցառումների մասին, որոնք ռուսաստանցի դիվանագետներին արտաքսել են բրիտանական Սոլսբերիում ՀԳՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի թունավորման հետ կապված:

ՌԴ ԱԳՆ է հրավիրվել Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիսթոուն բողոք հայտնելու համար: Ռուսաստանի իշխանությունները նաեւ որոշում են ընդունել կրճատել երկրում աշխատող բրիտանացի դիվանագետների թիվը եւ հավասարեցնել Միացյալ Թագավորության տարածքում մնացած ռուսական դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների թվին:

Բրիտանիայի ԱԳՆ-ն «ցավալի» է որակել Մոսկվայի որոշումը, սակայն Կրեմլին ուղղած իր մեղադրանքներից չի հրաժարվել: Բրիտանական ԱԳՆ-ի մամուլի քարտուղարի խոսքով՝ Ռուսաստանը թույլ է տվել «միջազգային իրավունքի եւ Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի աղաղակող խախտում»:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները Ռուսաստանին մեղավոր են համարում Սկրիպալի թունավորման գործում, Լոնդոնից արտաքսվել էին 23 ռուսաստանցի դիվանագետներ: Ի պատասխան Ռուսաստանն արտաքսել էր նույն թվով բրիտանացի դիվանագետների, նաեւ որոշում էր ընդունել Պետերբուրգում թագավորության գլխավոր հյուպատոսության եւ Բրիտանական խորհրդի աշխատանքի դադարեցման մասին: Ի պատասխան Բրիտանիան մտադիր է փակել Լոնդոնում ռուսական առեւտրի ներկայացուցչությունը, հայտնում են The Telegraph պարբերականի աղբյուրները:

Please enter a valid URL