Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը Գյումրիից քայլելով գալիս է Երևան

Գյումրիի Վարդանանց հրապարակում այսօր՝ մարտի 31-ին ժամը 12-ին տրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» արշավի սկիզբը, որի նպատակն է Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխումը։

Այս առնչությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Նիկոլ Փաշինյանը արեց իր առաջին քայլը, որով ազդարարվեց Գյումրիից Երեւան 14-օրյա քայլարշավի մեկնարկը։

14 օրերի ընթացքում մասնակիցները շուրջ 200 կմ ճանապարհը կանցնեն միայն քայլելով, կկատարեն շուրջ 300 հազար քայլ՝ լինելով Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Սեւան, Հրազդան, Աբովյան քաղաքներում եւ ապրիլի 13-ին ժամը 18։30 Ազատության հրապարակ, որտեղ կմեկնարկի հանրահավաք։

Մարտի 31-ին քայլերթը կընթանա Գյումրի – Ջաջուռ երթուղով, ժամը 16։00-ին ճանապարհին տեղի կունենա ճեպազրույց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ»:

Նշենք, որ «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարել է փողոցային պայքար սկսելու մասին, որի նպատակը Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալն է: «Ելք»-ի մյուս երկու կուսակցությունները չեն միացել պայքարի այդ եղանակին:

Please enter a valid URL