Search
Close this search box.

Մարզերում արձանագրվել է զգալի դրական աճ. Կարեն Կարապետյան

Մարզերի 2017 թվականի հաշվետվությունների ուսումնասիրման և մարզային խորհրդակցությունների արդյունքում բոլոր մարզերում 2016 թվականի ցուցանիշների համեմատությամբ 2017 թվականին արձանագրվել է զգալի դրական աճ, այդ թվում՝  ֆինանսական, գյուղատնտեսական, սոցիալական, ինչպես նաև շինարարության, աղբահանության և այլ ոլորտներում։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել են 2018 թվականի մարզպետարանների գործունեության պլանային իրատեսական ցուցանիշները, որոնք, սակայն, ոչ ամբողջությամբ են իրացվել համապատասխան տարեկան ծրագրերում»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը Տարածքային կառավարման և զարգացման, Ֆինանսների նախարարներին և մարզպետներին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ մարզպետարանների տարեկան գործունեության ծրագրերը վերանայելու ուղղությամբ՝ հատկապես անդրադառնալով մեկ շնչին ընկնող՝ համայնքների սեփական եկամուտների աճի ցուցանիշներին, համայնքային բյուջետային միջոցների հավաքագրման, ծախսային, համայնքներում աղբահանություն և սանիտարական մաքրման աշխատանքները ծախսափակ եղանակով կատարելու համար անհրաժեշտ ցուցանիշներին։ Իրականացված աշխատանքների մասին պետք է ներկայացնել հաշվետվություն Կառավարության աշխատակազմ։

Վարչապետը Տարածքային կառավարման և զարգացման նախարարին և մարզպետներին հանձնարարեց մարզպետարանների աշխատակազմի և ենթակայությամբ գործող այն ոլորտներում, մարմիններում, որտեղ արձանագրվել են բացթողումներ, օրենքով սահմանված կարգով անդրադառնալ նաև կադրային փոփոխությունների հարցերին։

Please enter a valid URL