Քիչ առաջ մեզ հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի գրասենյակի ղեկավար Գեորգի Անտոնով-Միրզախանյանը հայտնեց, որ այսօր արդեն պարզվել է, որ մարտի 25-ին «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում բռնկված մահաբեր հրդեհի զոհերի ցուցակում երկու հայ կա: Միրզախանյանը հայտնեց, որ զոհերի պաշտոնական թիվն այս պահին արդեն 76 է, գրում է armtimes.com-ը:
Ըստ Գեորգի Անտոնով-Միրզախանյանի՝ ազգությամբ հայ զոհերը հայր եւ որդի են, բայց ռուսական ազգանուններով՝ Գալանին Դմիտրի Սարգիսի եւ Գալանին Միխայիլ Դմիտրիի: Հայրը ծնվել է 1975 թվականին, որդին՝ 2008:
«Փաստաթղթերում իրենք ռուսներ են համարվում, բայց Դմիտրիի հայրը Սարգիս Կարապետի Խումարյանն է՝ ծնունդով Ախալցխայից, վրացահայեր են: Բայց քանի որ Սարգիս Խումարյանը կնոջից բաժանված է եղել, տղային՝ Դմիտրիին, տվել է մոր ազգանունը՝ Գալանին, եւ բնականաբար տղայի տղան էլ Գալանին է: Դմիտրին Խումարյանի հարազատ տղան է:
«Ամեն օր նոր փաստեր են ի հայտ գալիս Կեմերովոյի «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացածների և անհետ կորածների մասին»,- «Առաջին լրատվական»-ին էլ փոխանցել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Գեորգի Անտոնովը:
«Միայն այսօր տեղի ԱԻՆ-ը հայտնեց, որ անհետ կորածների ցանկում է 1975 թվականի ծնված Դմիտրի Գալանինը և 2008 թվականի ծնված Միխայիլ Գալանինը: Դմիտրիի հարազատ հայրը և Միխայելի պապը Սարգիս Խումարյանն է, որը ծնունդով Վրաստանի Ախլցխա քաղաքից է, բայց բնակվում է Կեմերովոյում: Երբ հայտնի դառնա հայերի մասին որևէ նոր տեղեկություն, լրացուցիչ այդ մասին կհայտնեմ»,- եզրափակեց նա: