Search
Close this search box.

Տարածված լուրերը սխալ են. 10 ամսական երեխայի տատի մահվան պատճառը տաքացուցիչն է, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում. նոր մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 64-ամյա կնոջ մահվան և վերջինիս թոռնիկի էլեկտրահարվելու դեպքի հանգամանքները։

Չնայած փորձաքննության եզրակացությունը դեռ չկա, սակայն 64-ամյա կնոջ մահվան պատճառը ոչ թե էլեկտրական սավանն է, ինչպես տարածվել է լրատվամիջոցներում, այլ լոգարանի տաքացուցիչ սարքը: Փորձաքննությունը կտա սարքի խափանման պատճառը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց 64-ամյա կնոջ և երեխայի տան անդամը:

«Այս պահին հաշվի առնելով տարածված անհեթեթ և տրամաբանությունից դուրս հայտարարությունները, ստիպված եմ խոսում, որ իսպառ վերացնեմ մեր տանը տեղի ունեցած ողբերգության շուրջ ծավալվող ասեկոսեները, սխալ լուրերը: Նշեմ, որ նույն օրը տարածվել է նյութի ուղղված տարբերակը, որը փոքր-ինչ ճիշտ էր, բայց արդեն տարածվել էր հին տարբերակը»,- ասաց ընտանիքի անդամը:

 Նա նաև նշեց, որ երբևէ չի լսել նման իրի մասին, ինչպիսին էլեկտրական սրբիչն է, օգտագործված սարքը, որը հանգեցրել է ողբերգության, էլեկտրական տաքացուցիչն է,  որը նախատեսված է հատուկ լոգարանի համար և համապատասխան սերտիֆիկատում նշվում է, որ անվտանգ է նաև երեխաների համար.«Այն ճապոնական արտադրության է, ձեռք է բերված Մոսկվայից, որը հատուկ նախատեսված է թաց և խոնավ միջավայրում օգտագործելու համար, տաքացնում է օդը»:

Ինչ վերաբերում է հրապարակումներին, թե տատը երեխային փաթաթել է էլեկտրական սավանի մեջ, ընտանիքի անդամն ասաց, որ տատը շատ հոգատար է եղել, իսկ դեպքի օրը երեխային փաթաթել է հենց երեխայի սրբիչով:

«Ըստ նախնական վարկածի՝ տատիկը հնարավորինս հասցրել է երեխային հեռու պահել սարքից ու հոսանքահարումը վերցրել է իր վրա: Երեխայի վիճակն այժմ նորմալ է, կյանքին վտանգ չի սպառնում, մնում են հետագա բուժումները»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2018 թվականի մարտի 22-ին` ժամը 17:10-ին, «Մուրացան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակարաններից մեկից «էլեկտրահարվածություն, ձախ սրունքի այրված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 10 ամսական երեխա։ Բացի այդ, նույն բնակարանում հայտնաբերվել է երեխայի տատի դին, ով, նախնական վարկածով, մահացել է էլեկտրահարվելու հետևանքով։

Please enter a valid URL