ՊՊԾ գնդի գրավման օրերին մահացած ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի եւ ոստիկանության գնդապետ, ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Վանոյանի մարմնի վրա, բացի հրազենային վնասվածքներից, առկա են եղել նաեւ բութ առարկայով հասցված վնասվածքներ:
Այս մասին պարզ դարձավ այսօր՝ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով հրապարակված ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկանների՝ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի եւ Գագիկ Մկրտչյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքներից:
Ըստ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Գագիկ Մկրտչյանի վնասվածքները հասցվել են բութ առարկայով, իսկ հրազենային վնասվածքի ստացումն անմիջականորեն կապվում է նրա մահվան փաստի հետ: Գագիկ Մկրտչյանը մահացել է օգոստոսի 13-ին: Նրա սպանության մեջ մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը:
Յուրի Տեփանոսյանի մարմնի վրա էլ բացի հրազենային վիրավորումից հայտնաբերվել է նաեւ սալջարդ, որը պատճառվել էր կենդանության օրոք՝ սուր եզր ունեցող կույր առարկայով:
Յուրի Տեփանոսյանի եւ Արթուր Վանոյանի սպանությունների մեջ մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը: