Փետրվարի 18-ին, Ռուսաստանի իրավական տեղեկատուն հրապարակել է Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված վարկային համաձայնագիրը, որով Հայաստանը Ռուսաստանից գնելու է 200 մլն դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա, գրում է Razm.info-ն։
Բնականաբար առավել հետաքրքականը պայմանագրի հավելվածում հրապարակված ձեռքբերվելիք սպառազինության ցուցակն է.
- 9Կ58 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ներառյալ համակարգի համար 9Մ531 կումուլյատիվ-բեկորային մարտական մասով հրթիռներ, որոնց հեռահարությունը 90կմ է, զրահահարությունը՝ 120-160մմ)։
- Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ (համապատասխան 9Մ342 հրթիռներով)
- ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիր(ներառյալ՝ արձակման կայան, տեղափոխման-լիցքավորման կայան, թերմոբարիկ հրթիռներ)։
- 9Մ113Մ «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ՝ տանդեմային մարտական մասով, որը հնարավորություն է տալիս հաղթահարել տանկերի դինամիկ պաշտպանությունը (հեռահարությունը ցերեկը՝ մինչև 4կմ, գիշերը՝ 2.5կմ, զրահահարությունը 800մմ։)։
- Թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մ» համալիր (կարող է ինտեգրվել Հայաստանի սպառազինության մեջ եղած Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգերին)
- «Տիգր» զրահամեքենաներ։
- Տանկային Վ-84 շարժիչ (հզորությունը` 840 ձիաուժ)։
- Հետևակի մարտական մեքենաների ՈՒՏԴ-20 շարժիչ (հզորությունը` 300 ձիաուժ)։
- 1Ա40-1 տանկային նշանառման սարքավորում։
- ՌՊԳ-26 «Ագլեն» հակատանկային ռեակտիվ նռնականետ (նռնակ)։
- ՍՎԴ 7,62մմ դիպուկահար հրացան։
- Ինժեներական, ականների հայտնաբերման սարքավորումներ (ՕՎՌ-2 ականազերծման անհատական հանդերձանք, ԻՄՊ-Ս-2 ականորսիչ սարք, ԷՕՎ-3523 զորային էքսկավատոր, 16 և 32 տոննա բեռնամբարձմամբ կռունկներ)
- Կապի միջոցներ (Ռ-168-100ԿԱԵ, Ռ-168-5ԿՆԵ կարճալիք ռադիոկայաններ)։
- Ավտոտեխնիկա (այդ թվում՝ «ՈՒԱԶ» մակնիշի հրամանատարական և սանիտարական ու «ԿԱՄԱԶ» մակնիշի տարբեր նշանակության մեքենաներ)
Ձեռք բերվող սպառազինության, զինամթերքի և այլ տեխնիկայի քանակի մասին պայմանագրում տվյալներ չկան։
Պայմանագրով նախատեսվում է, որ հայկական կողմը կարող է ամեն առանձին պայմանագրով նախատեսված գումարի մինչև 90%-ը վճարել վարկի միջոցներից։ Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, իսկ գնումները կատարվելու են ռուսական ռուբլով անմիջապես արտադրողներից, առանց միջնորդների։
Սպառազինությունը պիտի ձեռք բերվի 2015-2017թթ., սպառազինության ցանկը կարող է փոխվել կողմերի համաձայնությամբ։ Վարկի մարումը սկսվելու է 2018 թվականին և տևելու է 10 տարի` տարեկան 3% տոկոսադրույքով։ Պայմանագիրը ուժի մեջ է մտել 2016թ․ փետրվարի 10-ին։
Հիշեցնենք , որ սպառազինության գնման համար 200 մլն դոլար վարկի տրամադրման վերաբերյալ համաձայնագիրը Երևանում կնքվել է հունիսի 26-ին՝ ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստի ժամանակ:
ՀՀ Ազգային ժողովում 2015-ի հուլիսի խորհրդարանական քննարկումների ժամանակ ընդգծվել է, որ Հայաստանը սպառազինությունը գնելու է արտոնյալ պայմաններով, քանի որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև գործում է ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր, որը կնքվել է դեռևս 2013-ի հունիսի 25-ին: Հետագայում երկու երկրներն էլ վավերացրել են պայմանագիրը։