Search
Close this search box.

Հայկական բրենդի նոր տարբերակ

Առաջին հայացքից թղթին արված շրջանաձև գծագիրը կարող էր ամեն ինչ թվալ, միայն ոչ՝ մի ամբողջ քաղաքի մակետ: Իրանահայ նախկին գործարար Վրեժ Աբրամյանի համար այսօր արդեն հայրենիքին օգտակար լինելու ճանապարհը այդ գծագիրը իրական տեսնելու մեջ է:

Եվ այսպես՝ «Յոթերորդ ամսի տասնևյոթերորդ օրը տապանը կանգնեց Արարատ լեռան գագաթին….»: Հին Կտակարանի այս տողը շատ ազգեր գուցե երազեին, որ իրենց վերագրվեր, քանի որ աշխարհում տիրապետող ազգ կոչվելու իրենց բրենդն արդեն ապահովված կլինեին: Ինչ խոսք, աշխարհում եթե մեզ ճանաչում են, առաջին հերթին՝ Արարատով: Հայաստանում բոլոր տուրիստական փաթեթները այդ հաշվարկով են կազմվում: Նոյան տապանը կանգնեց հենց Արարատ լեռան գագաթին: Սա է պետք օգտագործել:

Եվ Վրեժ Աբրամյանը հիմա մեր սեղանին է դրել համամարդկային և աստծո՝ մեզ տված լեգենդը իրապես մերը դարձնելու և բոլոր ազգերին դրա շուրջը հավաքելու ոչ միայն գաղափարը, այլև ամբողջ բանաձևը. Նոյի տապանը նոր հասարակության ու նոր քաղաքակրթության ծնունդը չէ միայն, այն պետք է դառնա քաղաք բոլոր ազգերի ու կրոնների համերաշխության համար: Ու եթե ուշադիր նայենք՝ խորհուրդը նույնն է. Նոյի տապանը դարձյալ կարող է լինել նոր ժամանակաշրջանի ու նոր որակի քաղաքակրթության ծնունդ ու նորից՝ մեր երկրում:

Առաջին տպավորությունը՝ գաղափար, որին միայն հեղինակը կարող է հավատալ: Բայց կարդում եմ քաղաքի մանրամասն ու ամբողջական նկարագիրը, և այնքան հստակ է ամեն մի դետալը հաշվարկված, որ շոշափելիորեն զգում եմ ամբողջ միջավայրը: Թեև այն դուրս է քաղաքի կառուցման ընդունված որևէ ստանդարտից: Ուզու՞մ ես՝ տունդ մի մեծ թեյնիկ թող լինի կամ ջրաղաց, եթե երևակայությունդ այլ բան է հուշում, թող հենց դա լինի: Քաղաքի ինքնատիպությունն իհարկե միայն ձևը չէ: Գաղափարը. ահա ամենակարևորը:

Սակայն, մինչ այդ տեսնենք, թե ինչ նոր տիպի քաղաքի մասին է խոսքը: Ժամանակակից քաղաք՝ իր բոլոր ենթակառուցվածքներով, էկոլոգիապես մաքուր միջավայրով: Նոյան տապան քաղաքն, իհարկե, Արարատյան դաշտավայրում է, որտեղից շատ լավ երևում է Արարատը:

Քաղաքն ամբողջությամբ սիմվոլների վրա է ստեղծված. այստեղ պատահական չէ որևէ փողոցի կամ շինության ոչ միայն գոյությունը, այլև անվանումը: Դրանք կրելու են մարդկությանն առաջնորդող կրոնների, գաղափարախոսությունների և դրանց մարմնավորող կերպարների անվանումները: Քաղաքի գաղափարն արտահայտող հիմնական խորհրդանիշերը Նոյան տապան այգում են. Մեծ և Փոքր Մասիսները՝ 51,65 և 39,25 մ բարձրությամբ, վրան՝ Նոյան տապանը, որը կպատրաստվի ճիշտ Աստվածաշնչի մեջ գրված չափերով: Իսկ այգու մուտքի երկու կողմերում աշխարհի բոլոր լեզուներով գրված կլինի՝ Նոյան տապան այգի, յուրաքանչյուրի կողքին՝ իր ազգի դրոշը:

Այգում կլինի Կրոնների համալիր՝ բոլոր կրոնների ու կրոնական ուղղությունների եկեղեցիներով, որոնց մուտքերն ազատ կլինեն բոլոր ազգերի ու կրոնների առաջ:

Կարևոր գաղափարական բաղադրիչ է Աշխարհի պատմության թանգարանը, Աշխարհի ժողովուրդների ծրագիրը՝ երկրագնդի մեծ, պտտվող մակետը:

Մեծաքանակ այցելուներ նախատեսող քաղաքը հագեցած է լինելու ժամանակակից ու ինքնատիպ տուրիստական ենթակառուցվածքներով. ռեստորանային համալիր՝ բոլոր ժողովուրդների ազգային խոհանոցով, մարզահամալիր, գուցեև Դիսնեյլենդ, բուսաբանական այգի, որտեղ իր երկրի անունով ծառ տնկած զբոսաշրջիկները գուցե նորից կգան և ոչ միայն իրենց տնկած ծառը ցույց տալու համար:

Երևակայության ետևից գնալով՝ հեղինակն իհարկե չի մոռացել մանրամասն հաշվարկներ կատարել էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման համակարգի անցկացման և յուրաքանչյուր դետալ ըստ իր նշանակության կառուցելու հարցերը:

Իսկ ի՞նչ կտա այն մեզ՝ Հայաստանին: Այս հարցադրումը կարող է ծագել մեզնից յուրաքանչյուրի գլխում: Այս ամենի հեռահար նպատակը ողջ աշխարհից զբոսաշրջիկների հոսքը Հայաստան ուղղելն ու երկիրն աշխարհով մեկ ճանաչել տալն է: Դա կարելի է մոտավորապես հասկանալ հեղինակի հաշվարկի ու համեմատության արդյունքում.

«Եգիպտացիները 5000 տարի առաջ բուրգեր կառուցեցին, որոնք աշխարհի հիացմունքն են հարուցում և տարեկան միլիոնավոր այցելուներ հրավիրում երկիր: Եգիպտոսի բուրգերից ոչ պակաս այցելուներ (3-4 միլիոն) է տարեկան ունենում նաև Փարիզի «Էյֆել» աշտարակը, որն ընդամենը 200 տարի առաջ է կառուցվել, և դեմ էին շատ փարիզցիներ` պատճառաբանելով, որ այն կաղճատի իրենց սիրելի քաղաքի տեսքը…»:

Հայաստանում հաճախ երևակայական միտքը սահմանափակում են ֆինանսական միջոցները: Դրա համար էլ տարբեր բնագավառներում միտքը կտրում է գրպանին համեմատ՝ կարճ ու խեղճ: Իսկ Նոյան տապան քաղաք կառուցելու համար եթե նայենք մեր գրպանին, պետք է ցանկացած գծագիր ու ոգևորություն ծալենք ու մի կողմ դնենք: Բայց հեղինակը այլ լուծում ունի. համաշխարհային նշանակությամբ քաղաքը կկառուցվի համաշխարհային միջոցներով: Այս ամենի մասին բնականաբար անիմաստ է խոսել, եթե գաղափարը թղթից չվերածվի պետական ծրագրի: Հենց այս կետում էլ հարցը դոփում է տեղում: Ես հերթով աչքի անցկացրի Վրեժ Աբրամյանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակները.

12.02.2012. «….Մենք այսօր հպարտանում ենք, որ մեր նախնիները Երևան, Տիգրանակերտ, Արտաշատ, Դվին և այլ հայտնի մայրաքաղաքներ, ամրոցներ ու եկեղեցիներ են կառուցել մեր հայրենիքում, ինչու չէ` նաև մեր հայրենիքից դուրս: Իսկ ի՞նչ ենք թողնելու մենք մեր թոռներին ու ծոռներին… Մենք այդքան հարուստ չենք, որ անգլիացիների նման կառուցենք աշխարհի ամենից բարձր և ամենից թանկագին շենքը, կամ Ճապոնիային օրինակելով` աշխարհին զարմացնելու համար` աշխարհի ամենից բարձր հեռուստատեսության աշտարակը: Բայց ի վիճակի ենք կառուցել աշխարհի ամենից փոքր, բայց ռասաների և կրոնական համերաշխության Նոյյան Տապան քաղաքը, որը կարող է մոլորակը փրկել ապագա վտանգից և դառնալ Հայաստանի բրենդը»:

14.08.2012. «Սա միայն պարզ գաղափար չէ, որը Հայաստանին կօգնի համաշխարհային տուրիզմի զարգացման և եկամուտներով ապահովելու գործում, այլ Հայաստանին համաշխարհային մեծ ճանաչում կբերի որպես համաշխարհային կրոնների կենտրոն»:

01.11.2012. «Սակայն հուսով եմ, որ Ձեր սուղ ժամանակից գոնե 10 րոպե էլ կնվիրեք ինձ` որպես Հայ և Հայաստանցի: Քանզի սա նաև Հայաստանի ապագայի խնդիրն է, և միայն Դուք կարող եք որոշում կայացնել»:

28.02.2013. «Նոյյան Տապան քաղաքի գաղափարը և նախագիծը արդեն մեկ տարեկան է, սակայն` թղթի վրա…»:

Այո, Եգիպտոսի բուրգերը միայն փարավոնը կարող էր կառուցել: Բայց պատկերացնու՞մ եք, եթե բուրգերի կառուցման մասին ընդամենը քարի վրա արձանագրություն մնացած լիներ. քանի՞ հոգի աշխարհում կիմանար, թե ինչ ազգի մասին է խոսքը:

Please enter a valid URL