1.in.am-ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանության գործով դատական նիստը:
Հիշեցնենք՝ կուրսանտներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին ու Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 29-ի գիշերը՝ ժամը 2-ից 3-ի սահմաններում, գումարտակի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Սպանությունից հետո տուժողի մարմինը կախվել է մարզահրապարակի պտտաձողից՝ ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար…
Արգելանքի տակ չգտնվող հինգերորդ ամբաստանյալը՝ Վարազդատ Սաֆարյանը, ով սպանության դրվագով չի մեղադրվում, մեղադրվում է Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու, տարբեր դրվագներով կուրսանտներ Տիգրան Մանասերյանին ու Արտուշ Սիմոնյանին ծեծի ենթարկելու համար:
Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվող չորս ամբաստանյալներից երկուսը՝ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը, մեղադրվում են նաև տուժող Հարություն Ալեքսանյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար:
Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:
Դատական նիստը պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությամբ տեղափոխվել էր նշանակված ժամից երկու ժամ ավելի ուշ:
Սակայն նիստը սկսվեց տեղափոխված ժամից ևս մեկ ժամ ուշացումով: Այդ ընթացքում նախագահողի աշխատակազմը պարզել էր, որ վերաքննիչ դատարանում Արա Զաքարյանի մասնակցությամբ դատական նիստն ավարտվել է ժամը 14-ն անց 22 րոպեին:
Ժամը 16-ին սկսված այս դատական նիստում Արա Զաքարյանը հայտարարեց, որ վերաքննիչի նիստից հետո ինքը մեկ այլ գործով դատական ակտը ստանալու համար սպասել է, ապա «ընդմիջում է արել», այնուհետև ներկայացել է դատարան:
Դատարանը փաստաբան Արա Զաքարյանին հորդորեց այսուհետ առավել հարգալից լինել դատարանի ու դատավարության մասնակիցների նկատմամբ, իսկ այս դեպքում փաստաբանի ուշացումը որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք գնահատելով՝ դատարանը փաստաբան Արա Զաքարյանի նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացում:
Փաստաբանը պատճառաբանեց, որ առավոտից քննչական գործողության է եղել, ապա՝ վերաքննիչ դատարանում՝ դատական նիստի, սնվելու կարիք ուներ՝ աշխատանքը շարունակելու համար:
Դատարանում հրապարակվեցին նախորդ նիստում հարցաքննված վկա Խաչիկ Մ.-ի նախաքննական ցուցմունքները: Այս վկան դատարանում հարցաքննության էր կանչվել պաշտպանական կողմի միջնորդությամբ:
Վկա Խաչիկ Մ.-ն դեպքի երեկոյան ու մինչև հաջորդ օրվա առավոտը պարբերաբար գտնվել է վերակարգում՝ օրապահ է եղել հենց այն միջանցքում որտեղ գտնվում էր տուժող Հայկազ Բարսեղյանի՝ թիվ 408 ննջարանը:
Վկան նախաքննական առաջին ցուցմունքում, որը տվել էր հունվարի 30-ին, հայտնել էր, որ դեպքի օրը, գիշերվա ժամը 2-ի սահմաններում, երբ ինքը կատարում էր իր պարտականությունները, հինգ կուրսանտներ՝ այս գործով բոլոր հինգ ամբաստանյալները, մտել են Հայկազ Բարսեղյանի ննջարան: Ինքն այդ ննջարանից «շշուկներ» է լսել, ապա հայհոյանքներ, ընդ որում՝ հայհոյել է նաև Հայկազ Բարսեղյանը: Վկան հասկացել է, որ այնտեղ վիճաբանություն է կատարվում: Խոսակցությունը վկան չի լսել, իսկ առավոտյան իմացել է, որ Հայկազ Բարսեղյանի անկողինը արյան մեջ է, իսկ Հայկազի մարմինը հայտնաբերվել է պտտաձողից կախված:
Հաջորդ օրը՝ հունվարի 31-ին, վկան լրացուցիչ հարցաքննության է ենթարկվել: Նա հայտնել է, որ դեպքի օրը Հայկազ Բարսեղյանը նախ ճաշի ժամին ճաշարանում վիճաբանություն է ունեցել Կարեն Բ.-ի հետ՝ պահանջել է, որ նա ուտելիս չճպճպացնի: Կարենը նստել է հարևան սեղանի մոտ:
Հայկազենց սեղանին է մոտեցել Վաչե Սահակյանը: Նա հարցրել է, թե այդ սեղանի շուրջ նստածներից է՞լ ում համար է տհաճ Կարենի ուտելու ձևը: Կուրսանտներից՝ Հովհաննեսն ասել է, թե իր համար էլ է տհաճ: Վաչեն երկրորդ անգամ է նույն հարցը հնչեցրել՝ իսկ հիմա՞ ում համար է տհաճ: Ոչ ոք ձայն չի հանել: Վաչեն Կարենին նստեցրել է նախկին տեղը, ասել է, թե ճաշարանը խոսելու տեղ չի, դուրս կգան՝ կխոսեն:
Այնուհետև կուրսանտները գնացել են տոնական համերգի, իսկ վկա Խաչիկ Մ.-ն չի գնացել, քանի որ վերակարգի մեջ էր:
Կուրսանտները համերգից վերադարձել են ժամը 21-ի սահմաններում:
Ըստ վկա Խաչիկի՝ կուրսանտ Նորիկ Սահակյանն իրեն խնդրել էր՝ գիշերվա ժամը մեկին արթնացնել, որ դաս սովորի:
Վկան գնացել է նրան արթնացնելու, տեսել է, որ մյուս օրապահ Թելմանն արդեն արթնացնում է:
Ըստ Խաչիկի՝ Նորիկը երկու այլ կուրսանտների՝ Հովհաննեսի ու Արթուրի հետ միջանցքում նստած խնդիր է լուծել մոտ հիսուն րոպե: Այդ ընթացքում արթնացրել են մաթեմատիկայից գերազանց սովորող կուրսնատ Ադամյանին, նա օգնել է Նորիկին՝ լուծել է խնդիրը:
Ըստ վկա Խաչիկի՝ գիշերվա ժամը 2-ի սահմաններում Նորիկ Սահակյանը թողել է դաս սովորելը, մտել է «կապտյորկա»՝ պահեստասենյակ, որտեղ մի խումբ կուրսանտներ այդ պահին հաց էին ուտում ու ալկոհոլ էին օգտագործում:
Ժամը 2-ի սահմաններում այդ քեֆ անող կուրսանտները սուրճ են խմել՝ սուրճ հյուրասիրելով նաև իրեն՝ օրապահ Խաչիկին:
Հետո նրանք դուրս են եկել պահեստասենյակից՝ ինչ-որ բան «փսփսալով»:
Վկան նշել է՝ «փորձում էին ինձանից թաքուն մտնել 408 ննջարան»:
Այնտեղ նրանց մտնելուց հետո վկան վիճաբանության ձայներ է լսել: Ճանաչել է Վաչե Սահակյանի ու Մովսես Ազարյանի ձայները՝ քանի որ նախկինում իրենք միասին սովորել էին նաև «Փոքր Մհեր» կրթահամալիրում, ինքը նրանց ձայները տարբերել է մյուս ձայներից:
Վկան լսել է, որ հայհոյանք տվեց նաև Հայկազ Բարսեղյանը. «Ի՞նչ եք անում….»: Վկան նշել է՝ շատ վախեցա՝ հասկանալով, որ վատ բան է կատարվում, եթե Հայկազը «լավի» քֆուր է տալիս…
Վկան նշել է, թե միջանցքում նստած երկու կուրսանտները գլուխները կախ ձևացնում էին, թե դաս են սովորում, բայց նրանք չէին կարող չլսել 408 ննջարանից լսվող ձայները:
Վկան նշել է, թե այդ ննջարանից առաջինը դուրս են եկել Վաչեն ու Մովսեսը: Մոտ տասը րոպե հետո դուրս են եկել Գնելն ու Նորիկը՝ Հայկազի թևերն ընկած: Ըստ վկայի՝ Հայկազն անգիտակից վիճակում էր, նրա ոտքերը «չէին շարժվում՝ գետնին քսվելով սահում էին…»:
Վկան նշել է, որ այդ բանը չէին կարող չտեսնել միջանցքում իբր թե գլուխները կախ դաս սովորող երկու կուրսանտները:
Երբ Հայկազին դուրս են բերել ննջարանից, Նորիկ Սահակյանը, ըստ Խաչիկ Մ.-ի այս ցուցմունքի, դիմել է Խաչիկին ու միջանցքում գտնվողներին ու ասել է՝ սրա մասին ասողի լավը… «Նորիկը նայեց ինձ ու ասաց… Ես վախից ոչ կարողանում էիխոսել, ոչ էլ գիտեի՝ ինչ անեմ… Ես հասկացա, որ Հայկազին այնպես էին ծեծել, որ ուշքը գնացել էր, նրան երևի տանում էին բուժկետ… Վախեցա, որ ինձ էլ կծեծեն… Ես այդպես մնացի կանգնած մինչև ժամը 3-ը, երբ ինձ փոխարինեցին… Հայկազին դուրս բերելուց հետո ոչ ոք այդ ննջարան չի մտել ու այդ ննջարանից դուրս չի եկել՝ իմ ներկայությամբ…»,- նշել է Խաչիկ Մ.-ն այս ցուցմունքում:
Նույն ցուցմունքում վկան նշել է, թե ինքը վախեցել է Գնելից ու մյուսներից, քանի որ նրանք «հեղինակություն» էին՝ «յախշի էին», այդ պատճառով չի զեկուցել կատարվածի մասին…
Նույն ցուցմունքում վկան նշել է նաև, որ Հայկազին իջեցնելուց մոտ տասը րոպե անց ձմեռային բաճկոնով մի կուրսանտ՝ օձիքը բարձրացրած, գլխին՝ գլխարկ՝ այնպես, որ չէր ճանաչվում՝ ով է, «պոլի փետը» ձեռքին հայտնվել ու մաքրել է 408 ննջարանի դռան առաջն ու աստիճանները: Վկան նրան նմանեցրել է կուրսանտ Արթուր Վ.-ին: Վկան նշել է, թե ինքը չի հասկացել՝ ի՞նչ է մաքրում այդ կուրսանտը, բայց հետո, երբ իրադարձությունները համադրել է, հասկացել է, որ նա մաքրում էր Հայկազի արյան հետքերը…
Հաջորդ ցուցմունքում վկա Խաչիկ Մ.-ն հայտնել է, թե դեպքի օրը, ժամը 14-ի սահմաններում միջանցքում տեսել է, որ Գնել Թևոսյանն ու Մովսես Ազարյանը քաշքշում էին Հայկազ Բարսեղյանին: Մոտեցել է նաև Վաչեն, բայց ոչինչ չի հասցրել անել, որովհետև այդ պահին մոտեցել է նաև կապիտան Ավետիսյանն ու կարգադրել է շարվել՝ ճաշարան գնալու համար:
Ճաշարանում, երբ Հայկազի ու Կարենի վեճի ժամանակ Հայկազենց սեղանին մոտեցել է Վաչեն, նրանից հետո նույն սեղանին մոտեցել է նաև Մովսես Ազարյանը:
Այս ցուցմունքում վկան նշել է, թե դեպքի գիշերը «կապտյորկայում» խմող կուրսանտները Հայկազին նախ կանչել են «կապտյորկա», այնտեղ ինչ-որ վեճ է եղել: Այդ ժամանակ Հայկազի հագին «լաթեր» էին… Հետո Հայկազը վերադարձել է ննջարան: Դրանից հետո՝ ժամը 2-ն անց 25-ի սահմաններում, մյուսները նրա հետևից գնացել են նրա ննջարանը: Վկան նշել է, թե բացի Գնելից, Վաչեից, Նորիկից ու Մովսեսից, Հայկազենց ննջարան մտել է նաև նույնպես «կապտյորկայում» գտնվող Վարազդատը, սակայն նա մեկ րոպեից դուրս է եկել այնտեղից ու հեռացել է:
Հաջորդող ցուցմունքում վկան չի բացառել, որ Հայկազենց ննջարանից ավելի շուտ դուրս եկած Վաչեն ու Մովսեսը հետ դարձած լինեն՝ անգիտակից վիճակում գտնվող Հայկազին դուրս տանելու հարցում Գնելին ու Նորիկին օգնելու:
Իր վերջին ցուցմունքում վկա Խաչիկ Մ.-ն հայտնել է, թե մինչ այդ հայտնած բոլոր մանրամասները… հորինել է՝ ինքը ոչինչ չի տեսել, ոչինչ չի լսել…
Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո վկա Խաչիկ Մ.-ն հայտարարեց, որ իրեն վերաբերող մասով չի ցանկանում ոչ մի հարցի պատասխանել:
Նկատի առնելով, որ այս վկայի վերաբերյալ քրեական հետապնդում է հարուցված եղել՝ դեպքի գիշերը պարտականությունների կատարման հետ կապված, նա այդ հետապնդումից ազատվել է ո՛չ արդարացման հիմքով, հետևաբար՝ իրավունք ուներ իրեն վերաբերող մասով ոչ մի հարցի չպատասխանել:
Վկան ասաց, թե նախորդ նիստից հետո զանգել է իր փաստաբանին, նա է տվել այդ խորհուրդը:
Փաստաբան Արա Զաքարյանը մի շարք հարցեր ուղղեց վկային, բայց վերջինս ոչ մի հարցի չպատասխանեց:
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: