ԵՄ արտաքին քաղաքականությանև անվտանգության հարցերովգերագույն հանձնակատար տիկին Ֆեդերիկա Մոգերինիին
Եվրոպայի խորհրդի գլխավորքարտուղար պարոն Թորբյորն Յագլանդին
Եվրոպայի խորհրդի Մարդուիրավունքների հանձնակատար պարոն Նիլս Մուժնիեկսին
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ տիկին Գուդրուն Մոսլեր–Թյորնշտրյոմին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ պարոն Միշել Նիկոլետիին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի կոմիտեի նախագահ պարոն Գեիլ Ռոջերին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հավասարության և Ոչ–Խտրականության կոմիտեի նախագահ տիկին Էլվիրա Կովաչին
Հայաստանի Հանրապետությունում՝ Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան
պարոն Պյոտր Սվիտալսկուն
Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլսին
Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտին
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մաթիաս Քիսլերին
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան
տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին
Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջովաննի Ռիչուլիին
Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Եժի Մարեկ Նովակովսկիին
Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային
Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Լուկաս Գասսերին
Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարիա Պավլովա Ցոցորկովա–Կայմակտչիևային
Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էրիկաս Պետրիկասին
Շվեդիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Մարտին Ֆրեդրիկսոնին
Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Պետր Միկիսկային
Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սորին Վասիլեին
Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գիորգի Սագանելիձեին
ԴԱՐՁՆԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱԶԱՏ
Հայաստանի Հանրապետությունը սահուն կերպով անցում է կատարում ավտորիտարիզմից` վերահսկվող ժողովրդավարությունից դեպի տոտալիտարիզմ: Դեպի տոտալիտարիզմ ընթացող ճանապարհը նաև սկիզբ առավ Եվրամիության հետ խորը և համապարփակ ասոցացման համաձայնագրի ստորագրման տապալումից հետո, որը դարձավ կեղծված սահմանադրական հանրաքվե, որի հիմքում է ընկած նույն անձի կողմից որպես պետության առաջին դեմք պաշտոնավարման շարունակականության ապահովումը:
Ցավալի է, բայց Հայաստանը, ինչպես նախկին Խորհրդային Միության մի շարք այլ հանրապետություններ, կրկնում է իրողությունը` նույն անձի և նույն կուսակցության կողմից քաղաքական մենաշնորհի տիրապետումը մեկ տասնամյակից ավելի:
Հայաստանի ժողովուրդը մեծ հույսեր էր կապում խորը բարեփոխումների միջոցով և ժողովրդավար պետությունների աջակցությամբ հասնելու ժողովրդավար քաղաքական կառուցվածքի ներդրմանը: Սակայն ձախողված բարեփոխումները, Հայաստանի իշխանությունների կողմից ստանձնած պարտավորությունների չկատարումն այդպես էլ գործնական գնահատականի չարժանացան պարտականությունների նկատմամբ միջազգային վերահսկողություն իրականացնողների կողմից, ինչն էլ, իր հերթին, Հայաստանը դարձրեց կատարյալ ձախողված պետություն: Պետություն, որտեղ շուրջ 3 միլիոն բնակչությունից 1 միլիոնն աղքատ է, 3 միլիոն բնակչությունից 11%-ը ծերեր են: Պետություն, որի արտաքին պետական պարտքը 2018 թվականի ավարտին կկազմի 7 միլիարդ դոլար, ինչը գերազանցում է ՀՆԱ-ի 60%-ը: Պետություն, որտեղ տարիներ շարունակ մարդիկ հետապնդվում են քաղաքական հայացքների և քաղաքացիական ակտիվիզմի համար, պետություն, որտեղ մարդկանց մեկ մարդու կեղծ ցուցմունքի հիման վրա կարող են տարիներ շարունակ պահել բանտախցում և նրանց նկատմամբ ցուցաբերել անմարդկային վերաբերմունք, պետություն, որտեղ կին քաղաքապետի թեկնածուին (ով նաև ՀՀ ԱԺ պատգամավոր էր) և նրա վստահված անձ դստերը, ովքեր հայտնաբերել էին ընտրակեղծարարներին, կարող են ուղիղ եթերում ոստիկանության աշխատակիցները բռնության կիրառմամբ զրկել ազատությունից, միայն թե` կոծկեն ընտրակեղծարարությունը (տես` https://www.youtube.com/watch?v=7-Luyz8-lU8 ): Այս բռնության հետևանքով 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի քաղաքապետի թեկնածու և ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, նրա վստահված անձ և դուստր Լիլիթ Դրամփյանը ստացել է գլխուղեղի ցնցում և հոսպիտալացվել, թեպետ հարուցված քրեական գործի շրջանակում նրանց ճանաչել են տուժողներ, սակայն գործը կարճվել է ապացույցների անբավարար լինելու հիմքով: Հետագայում` այս անպատժելիությունն իր արտացոլումը ստացավ Երևանի ավագանու 2018 թվականի փետրվարի 13-ի նիստի ընթացքում, երբ տեղի ունեցավ հարձակում Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների նկատմամբ` բռնության գործադրում, սեռական ոտնձգություն և առևանգում (տես` https://www.youtube.com/watch?v=zA9DScLnGMI ):
Սովորական դարձած` ընտրություն անվան տակ զանգվածային կեղծիքների միջոցով իշխանության բռնազավթումը ընտրությունները դիտարկող միջազգային կազմակերպությունների կողմից գրեթե միշտ գնահատվել է որպես «խախտումների հետ միասին` մեկ քայլ առաջ»:
«Մեկ քայլ առաջ» գնահատականով նաև Հայաստանում ամրապնդվեց ավտորիտարիզմը, ինչը դարձավ շուրջ մեկուկես միլիոն մարդու գաղթի պատճառ, իսկ Սերժ Սարգսյանի կողմից Եվրամիության հետ խորը և համապարփակ ասոցացման համաձայնագրի ստորագրման ձախողումն ավելի նպաստավոր դարձրեց տոտալիտարիզմի ամրապնդումը:
2017 թվականի, այսպես կոչված` ռեյտինգային ընտրություններով ձևավորված ներկայիս ոչ լեգիտիմ խորհրդարանը շուտով` ապրիլի կեսերին, նոր խորհրդարանական քաղաքական կառուցվածքի ներքո պետք է ընտրի երկրի առաջին դեմքին` վարչապետին: Այդ վարչապետի թեկնածուն հավակնում է դառնալ Սերժ Սարգսյանը, ով օրենքներով ամրագրում է բացարձակ բռնապետին «վայել» լծակներ, որոնց միջոցով ստեղծում է կուռ միանձնյա կառավարություն, և այս ամենի հետ մեկտեղ` օրենքի ընդունմամբ ամրագրում է դրույթներ, որոնց միջոցով սահմանափակում է լրատվամիջոցների աշխատանքները թե՛ կառավարության նիստերի և թե՛ Երևանի ավագանու նիստերի ժամանակ: Ժողովրդավարական ընթացակարգերի անտեսմամբ 2018 թվականի մարտի 23-ին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ընդունվել են օրենքներ` կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու և լրագրողներին արգելելու ներկա լինել Երևանի ավագանու նիստերին (տես`http://parliament.am/draftreading_docs6/2/K-265_DR2.pdf, http://parliament.am/draftreading_docs6/2/K-265-3_DR2.pdf):
Հարգելի գործընկերներ, մենք համոզված ենք, որ Դուք նույնպես ափսոսում եք Հայաստանի կողմից ստանձնած պարտականությունների ձախողման համար, ինչից ելնելով դիմում ենք Ձեզ հանրագրով` անհապաղ միջոցներ ձեռնարկել կասեցնելու Հայաստանում տոտալիտարիզմի կայացումը, այն է.
- ժամանակակից տեխնոլոգիաները հաճախակի անհնար են դարձնում Հայաստանում գործող քրեաօլիգարխիկ իշխանության ներկայացուցիչների ցինիզմի և ագրեսիվ վարքագծի դրսևորման քողարկումը, ինչը մեծ անհանգստություն է առաջացրել Սերժ Սարգսյանի մոտ` նա որոշել է կառավարության նիստերն անցկացնել դռնփակ, իսկ Երևանի ավագանու նիստերին թույլ չտալ մասնակցել հանրությանը և լրագրողներին,
- Հայաստանում հանրային ծառայության մեջ գտնվող պաշտոնյաների կողմից էթիկայի կանոնների և հասարակական հաշվետվողականության անտեսումը կրում են համատարած բնույթ և կարիք ունեն քողարկման` լրատվամիջոցների գործունեության սահմանափակմամբ և ուժային լծակների կիրառմամբ,
- 2017 թվականի, այսպես կոչված` ռեյտինգային ընտրություններով ձևավորված ներկայիս ոչ լեգիտիմ խորհրդարանը գրեթե ամբողջությամբ վերահսկվում է Սերժ Սարգսյանի կողմից և իրեն համար վտանգ չի ներկայացնում` այս ուղղությամբ Սերժ Սարգսյանը հանգիստ է, սակայն ժողովուրդն է անհանգիստ, քանի որ այն որպես խորհրդարան չի իրականացնում իր առաքելությունը,
- Սերժ Սարգսյանը մշտապես դրսևորել է էթիկայի կանոնների, թափանցիկության և հասարակական հաշվետվողականության անտեսում, այժմ էլ ցանկանալով դառնալ վարչապետ` նա որոշել է կառավարության նիստերն անցկացնել դռնփակ, ինչն անթույլատրելի իրողություն է` Սերժ Սարգսյանը ցանկանում է խուսափել պատասխանատվությունից այն որոշումների համար, որոնք ընդունելու է հանրության անունից,
- Երևանի ավագանին Սերժ Սարգսյանի համար դարձել է անվերահսկելի, ինչն ակնառու դարձավ 2018 թվականի փետրվարի 13-ին, և Սերժ Սարգսյանը միջոցներ է ձեռնարկում` արգելելու լրագրողներին ներկա գտնվելու Երևանի ավագանու նիստերի դահլիճում, այս հանգամանքը սահմանափակում է հասարակության տեղեկացված լինելու իրավունքը ավագանու նիստերի վերաբերյալ, ինչպես նաև` դարձնում է առավել վտանգավոր Երևանի ավագանու նիստերին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների աշխատանքը,
- էթիկայի, թափանցիկության և պետական հաշվետվողականության բացակայության պայմաններում կոռուպցիան և պաշտոնեական դիրքի չարաշահումը դառնալու են տոտալ,
- քաղաքական դիրքորոշման և քաղաքացիական ակտիվիզմի դրսևորման համար բռնաճնշումները` բանտարկումներ, բռնություններ, ընդհուպ մինչև սպանություններ` դառնալու են տոտալ:
Հարգանքով`
Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար