ՀՀ Արմավիրի մարզի դատախազի տեղակալի կողմից ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 2017թ. հոկտեմբերի 30-ին պատանդառության և մանկապարտեզի աշխատակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացնում է Դատախազության լրատվական ծառայությունը:
2017թ. հոկտեմբերի 30-ին` ժամը 16-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ Ա. Հ.-ն մտել է Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա տեղակայված «Մանուշակ» մանկապարտեզի վարչական շենք, կրտսեր 1-ին խմբի երեխաների համար նախատեսված ննջասենյակ և կնոջը՝ մանկապարտեզի աշխատակից Լիլիթ Հովհաննիսյանին, որի հետ բաժանվելուց հետո գտնվում էր լարված հարաբերությունների մեջ, հայտնել, որ ցանկանում է առանձնազրույց ունենալ նրա հետ` պահանջելով դուրս գալ մանկապարտեզից:
Լիլիթ Հովհաննիսյանը հրաժարվել է առանձնազրույց ունենալ ամուսնու հետ, ինչից հետո վերջինս բաճկոնի տակից հանել է իր մոտ ապօրինի կերպով պահվող և սառը զենք հանդիսացող գործարանային եղանակով պատրաստված որսորդական դանակը և, բռնելով Լիլիթ Հովհաննիսյանի մազերից` քարշ է տվել մանկապարտեզի շինության մուտքի դռան մոտ` ցանկանալով նրան դուրս բերել շենքից: Լիլիթ Հովհաննիսյանը կառչել է մուտքի դռնից ներս տեղակայված աստիճանների ճաղավանդակներին և դիմադրել, որի ընթացքում Արգամ Հովիկյանը ձեռքին եղած դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել կնոջ դեմքին և կրծքավանդակին՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:
Այդ պահին նրանց է մոտեցել Լիլիթ Հովհաննիսյանի տատը՝ նույն մանկապարտեզի տնօրեն Ռոզա Վարդանյանը՝ փորձելով օգնություն ցույց տալ թոռանը: Ա. Հ.-ն, Ռոզա Վարդանյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ փորձել է սպանել վերջինիս` իր մոտ գտնվող դանակով դանակով հարվածելով նրա պարանոցի հատվածին: Սակայն հանցանքն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել, քանի որ հարվածելու պահին Ռոզա Վարդանյանը հետ է քաշվել, որի արդյունքում հարվածն ամբողջ ուժգնությամբ տեղի չի ունեցել: Մկերեսորեն վնասվել է Ռոզա Վարդանյանի պարանոցն ու ձախ ականջը:
Երբ Լիլիթ Հովհաննիսյանն ազատվել է Ա. Հ.-ից ու դիմել է փախուստի, վերջինս մանկապարտեզի ննջասենյակում պատանդ է վերցրել նույն մանկապարտեզի ակնհայտ անչափահաս սաներից մեկին և իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ պահել նրան՝ վերջինիս ազատելու համար իրավապահ մարմինների աշխատակիցներից պահանջելով հանդիպում կազմակերպել կնոջ հետ: Սակայն իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը` ժամը 20:00-ի սահմաններում, Ա. Հ.-ն վնասազերծվել է և ձերբակալվել:
Նույն օրը, 2017թ. հոկտեմբերի 30-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով:
Իրականացված նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար փաստական տվյալների համակցությամբ 2017թ. նոյեմբերի 1-ին Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 34 և 104-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2018թ. մարտի 21-ին քրեական գործով նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ, որը հաստատելուց հետո ՀՀ Արմավիրի մարզի դատախազի տեղակալի կողմից այն ուղարկվել է ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու նպատակով: