ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայությունը հաղորդում է տվել ՀՀ ոստիկանություն՝ «Կոկա Կոլա», «Ֆանտա նարնջի համով» և «Ֆանտա էկզոտիկ» կեղծ ապրանքային նշաններով գազավորված ըմպելիքների արտադրության հայտնաբերման մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը, հաղորդման հիման վրա կատարվում է հետաքննություն, պարզվում են պատճառված վնասի չափերը:
« ՀՀ ոստիկանությունը «Կոկա Կոլա», «Ֆանտա նարնջի համով» և «Ֆանտա էկզոտիկ» կեղծ ապրանքային նշաններով գազավորված ըմպելիքների արտադրության հայտնաբերման մասին հաղորդում է ստացել ՍԱՊԾ-ից: Նշված դեպքով կատարվում է հետաքննություն»,- ասաց Ջանոյանը:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը «Արմենպրես»-ին հայտնեց, որ կեղծ ապրանքը հայտնաբերվել է հունվարին, ինչից հետո այն ամբողջությամբ շուկայից հավաքվել է:
«Կեղծիքի աղբյուրը կամ հնարավոր մյուս ապօրինի գործողությունները պարզելու համար տեղեկությունը փոխանցվել է տարբեր պատկան կառույցներին, այդ թվում՝ իրավապահներին: ՀՀ ոստիկանության ծառայությունը հաղորդման հիման վրա գործողություններ է սկսել»,- ասաց նա:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ խոսքը կեղծված ըմպելիքների ավելի քան 3000 շշի մասին է, սակայն ՍԱՊԾ-ում կոնկրետ թվեր չհայտնեցին: