Մարտի 24-ին, ժամը 14:33-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի 62ա հասցեում գտնվող Հովհաննես Շարամբերյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի տանիքի մի մասը պոկվել և ընկել է փողոց, իսկ մյուս մասը կախված է տանիքից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ամբողջությամբ պոկվել է տանիքը՝ մոտ 100 քմ:
Փրկարարները տանիքից կախված և վտանգ ներկայացնող թիթեղները քանդել և իջեցրել են:
Տուժածներ չկան:
Ուշադրություն
Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ։ Այս երևույթի արդյունքում ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի 24-ին կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ։
Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35 մ/վրկ, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց Ձորում և Երևանում քամու պոռթկումները կարող են հասնել 20-25 մ/վրկ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր կամ ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքների առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, էլեկտրոհաղորդման գծեր և այլ առարկաներ։
Պայմանավորված նման վտանգավոր օդերևութաբանական իրադրությամբ ազգաբնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին կոչ է արվում ցուցաբերել հնարավորինս զգոնություն։