«Ժողովուրդ» թերթը գրում է․««Ժողովուրդ» օրաթերթին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ապրիլի 9-ից հետո ձևավորվելիք կառավարության կազմում ուշագրավ փոփոխություններ են սպասվում:
Մասնավորապես ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լքելու է պաշտոնը` փոխարենը դառնալով ՀՀ ԱԳ նախարար: Ըստ մեր աղբյուրների` Վ. Սարգսյանի տեղափոխման հարցում լուրջ դեր է խաղացել ՊՆ բարձրաստիճան զինվորական անձնակազմի դժգոհությունը, որ նրանք պարբերաբար արտահայտել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներում:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանին: Նա պատասխանեց. «Ինքս չեմ համարում, որ ես պաշտպանության նախարարության երրորդական, չորրորդական պաշտոնյա եմ, գոնե ինքս նման խոսակցության ականատես չեմ եղել: Շատ շատերը, այդ թվում ես, շատ մեծ ցանկություն ունենք, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շարունակի պաշտոնավարել: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական նշանակումներին, ապա լինելով քաղաքական գործիչ` Վիգեն Սարգսյանի որևէ այլ պաշտոնի նշանակման հետ կապված խնդիրը, ենթադրում եմ, հարցադրումը պետք է ուղղել ոչ թե ՊՆ-ին, այլ ՀՀԿ-ին»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: