Search
Close this search box.

Մանրամասներ՝ գյումրեցի եղբայրների դանակահարությունից

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Հակոբյան եղբայրների դանակահարության հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ձերբակալվել են:

2018 թվականի մարտի 20-ին՝ ժամը 20:45-ի սահմաններում, ահազանգ է ստացվել առ այն, որ «Գյումրի բժշկական կենտրոն» բուժօգնության են տեղափոխվել եղբայրներ՝ 1982թ. ծնված Մանուկ Հակոբյանը՝«որովայնի ծակած-կտրած թափանցող, կրծքավանդակի ծակած-կտրած չթափանցող վերք» ախտորոշմամբ, և 1986թ. ծնված Մանվել Հակոբյանը՝ «կրծքավանդակի, որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր, գլխի գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ եղբայրները մարմնական վնասվածքներն ստացել են 2018թ. մարտի 20-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, եղբայրները ճանաչվել են տուժող։

Նախնական տվյալներով՝ Հակոբյան եղբայրներին ծանր մարմնական վնասվածքներ են պատճառել Գյումրի քաղաքի երկու բնակիչ՝ ծնված 1984թ. և 1990թ., ովքեր ևս եղբայրներ են։ Կասկածյալները ձերբակալվել են։

Նախաքննությունը շարունակվում է։

Please enter a valid URL