Search
Close this search box.

Վարչապետը հանձնարարեց պատրաստվել ոռոգման շրջանին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ոռոգման շրջանին նախապատրաստվելու վերաբերյալ հանձնարարականներ տվեց: Նրա խոսքով՝ կառավարությունում կազմակերպված խորհրդակցության ընթացքում Ջրային տնտեսության պետական կոմիտեն ներկայացրել է ջրամբարների լցվածության տվյալները և 2018 թվականի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները: Քննարկվել են նաև, ըստ մարզերի ոռոգման պայմանները և առաջնահերթությունները։

Հաշվի առնելով, որ ջրամբարների ներկայիս պաշարները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել ոռոգման ջրամատակարարման տեսանկյունից, վարչապետը հանձնարարեց 7-օրյա ժամկետում մշակել և ներկայացնել ֆինանսների նախարարություն՝ շարժական պոմպային սարքավորումների, խորքային պոմպերի ձեռքբերման, չշահագործվող խորքային հորերի վերականգման, ինչպես նաև նորերի հորատման նախագծային աշխատանքների ֆինանսական հաշվարկները՝ հաշվի առնելով գյուղացիական տնտեսությունների ոռոգման ջրի պահանջարկի ապահովումը։
Այդ փաթեթն ստանալուց հետո, ըստ վարչապետի, պետք է 10-օրյա ժամկետում Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ նախաձեռնել համապատասխան գնումների և աշխատանքների մեկնարկման գործընթացը և դրանք ավարտին հասցնել մինչև ապրիլի 16-ը:
Գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, տրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին հանձնարարվեց 3-ամսյա ժամկետում ամփոփել ջրային ոլորտում առկա ներդրումային ծրագրերը, որոշել 2019 թվականի առաջնահերթությունները և համապատասխան առաջարկություններ ներկայացնել կառավարության աշխատակազմ:
«Ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պլանավորումն, այսուհետ  պետք է սկսել  աշուն-ձմեռ ժամանակահատվածում»,- ասաց վարչապետը:
Please enter a valid URL