Բաքվից անընդհատ հեղեղվող սպառնալիքների պարագայում զինված ուժերը մեր հենարանն ու կռվանն են: 2016 թվականի ապրիլյան գործողությունները հակառակորդի կողմից ուժերի հարաբերակցությունը ստուգելու խոշոր փորձ էր: Նրանք, իհարկե, այդ փորձը տանուլ տվեցին: Այս մասին ասել է Սերժ Սարգսյանը ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը:
«Առկա պայմաններում մեր խնդիրն է պահպանել դիրքավորման կոնֆիգուրացիան: Ավելին, մենք պետք է հետևողական աշխատենք և մշտապես պատրաստ լինենք հակադարձելու ուժերի հավասարակշռությունը խախտելու հակառակորդի բոլոր` խոշոր և մանր փորձերին:Մենք բազմիցս ցույց ենք տվել հակառակորդին և պետք եղած դեպքում կրկին ցույց կտանք ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու անհեռանկարայնությունը: Եվ ամեն անգամ որքան գրագետ, որքան ցավալի պատասխան կարողանանք նրանց տալ, այնքանով մենք այդ մտայնությունը նրանց գիտակցության մեջ կամրապնդենք: Մեր հետևողական աշխատանքի հիմնական նպատակն է լինելու հակառակորդի մեջ հենց այդ գիտակցության ամրապնդումը», — ասել է Սերժ Սարգսյանը: