Շիրակի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը եւ շուրջ 50 ուսանողներ բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին՝ պահանջելով բեկանել բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի որոշումը, ըստ որի աշխատանքից ազատվել են բուհի դասախոսներ Գագիկ Համբարյանը եւ Հովհաննես Խորիկյանը եւ անհապաղ նրանց վերադարձնել աշխատանքի:
«Մենք բազմիցս դիմել ենք ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին, բայց մեր բողոքներն ամեն անգամ անպատասխան են մնացել։ Հերթական անգամ հայտարարում ենք դասադուլ եւ պահանջում.
1. Բեկանել ռեկտորի մարտի 15-ի որոշումը եւ անհապաղ աշխատանքի վերադարձնել Հ. Խորիկյանին ու Գ. Համբարյանին։
2. Ապահովել մարտի 24-ին կայանալիք գիտխորհրդի եւ հոգաբարձուների խորհրդի համատեղ ընդլայնված նիստի թափանցիկությունը, այն կազմակերպել լրագրողների, բողոքին մասնակցող ուսանողների հատուկ խմբի եւ Հ. Խորիկյանի ու Գ. Համբարյանի ներկայությամբ։
3. Ապահովել բուհի ֆինանսական վիճակի թափանցիկությունը եւ համալսարանի պաշտոնական կայքում զետեղել բուհի 2016 թվականի փոփոխված եւ 2017 թվականի նախահաշիվները եւ նույն թվականների ֆինանսական հաշվետվությունները, 2018 թվականի բյուջեի նախահաշիվները։
Պարո՛ն նախագահ, հուսով ենք, որ արդարությունը կվերականգնեք», — ասված է բաց նամակում։