Նուբարաշեն» ՔԿՀ-ում արդեն 39 օր հացադուլի մեջ գտնվող Արկադի Պապյանը նույնիսկ անկողնուց չի կարողանում վեր կենալ:
«Նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Նրան երեկ տեղափոխել են քաղաքացիական հիվանանոց՝ կաթիլային են միացրել եւ նորից հետ են բերել ՔԿՀ»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Ամրամ Մակինյանը:
Ըստ պաշտպանի՝ երեկ Արկադի Պապյանը փորձել է կանգնել, սակայն գլխապտույտի արդյունքում ընկել է:
Արկադի Պապյանի օրգանիզմն արդեն ջուր էլ չի ընդունում:
Հացադուլ հայտարարելով՝ 43-ամյա Արկադի Պապյանն իր դժգոհությունն է հայտնում հարուցված նոր քրեական գործից: ՌԴ քաղաքացու սպանության համար՝ 9 տարվա ազատազրկման դատապարտված անձն հիմա էլ մեղադրվում է «Վանաձոր» ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանին մի քանի ամիս շարունակ կաշառք փոխանցելու համար, ինչի դիմաց նրան արտոնություններ են թույլ տրվել:
Պաշտպանական կողմը հայտարարում է, որ առաջադրված մեղադրանքը քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորված չէ:
Արկադի Պապյանը հայտարարել է՝ այնքան ժամանակ է շարունակելու հացադուլը, մինչեւ նախաքննական մարմինը հրաժարվի մեղադրանքից: