Search
Close this search box.

Ահազանգ. Բուհի ռեկտորի անձնական ցուցումով ուսանողների և դասախոսների նկատմամբ փորձում են տարբեր ճնշումներ գործադրել

Շիրակի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգելի´ ընկերներ,
ՇՊՀ ռեկտորի կողմից դասախոսներ Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի աշխատանքից ազատումն ուղղակիորեն ոտնահարում է բուհի ուսանողների շահերը և անդառնալի հարված հասցնում նրա հեղինակությանը: Բուհում փորձ է արվում վերջ դնել տարակարծությանը, ինքնուրույն մտածելակերպ և սեփական դիրքորոշում ունեցող մարդիկ հեռացվում են ասպարեզից: Բուհի ռեկտորի անձնական ցուցումով ուսանողների և դասախոսների նկատմամբ փորձում են տարբեր ճնշումներ գործադրել: Տարածվում են ուսանողների անձը և ինքնասիրությունը վիրավորող բամբասանքներ, որոնք հնչեցվում են նույն ռեկտորի կողմից: Սարքվում են կեղծ փաստաթղթեր և դիմումներ, որոնցով անհաջող փորձեր են արվում կարծիք ձևավորել և պառակտում մտցնել շարժման մեջ: Բուհի ռեկտորի հրահանգով, ճիշտ է` անարդյունավետ, բայց փորձ է արվում տարբեր ուսանողների և աշխատակիցների ինքնուրույն կամարտահայտման դեմ պայքարել: Բուհի աշխատողների կողմից կատարվում են զանգեր ուսանողների ընտանիքների անդամներին, և փորձ է արվում ծնողների միջոցով ներազդել գիտակից ուսանողների ազատ կամքի վրա: Ցավում ենք, որ «գիտական աստիճան» ունեցող մարդը բուհում կարող է իրեն թույլ տալ ստանձնել տարրական օղակի դաստիարակի դեր: Բուհի որոշ աշխատողների կարծիքով պետք է ուսանողների հարցով հրավիրվեն «ծնողական ժողովներ»՝ բարոյախրատական աշխատանքներ տանելու համար: Սա առնվազն ռեկտորի վերաբերմունքն է բացահայտում նույն բուհի ուսանողների և դասախոսական կազմի նկատմամբ: Համացանցում իրենց կարծիքն արտահայտող մարդկանց վերաբերյալ հավաքվում է տեղեկատվություն, կազմվում են, այսպես կոչված, «սև ցուցակներ»: Իսկ սա արդեն խուսում է ազատ խոսքի և մարդու իրավունքների նկատմամբ ռեկտորի ունեցած պատկերացումների մասին: Ի դժբախտություն կազմողների` փաստենք, որ պայքարի հետագա ծավալումն անկասելի է, այն այլևս կրում է համընդգրկուն բնույթ: Բուհում տարածվում են կեղծ լուրեր, թե առկա վիճակը շատ արագ կլուծվի, խնդիրը միայն Խորիկյանի ու Համբարյանի մեջ է, բողոքող ուսնողները և բուհի դասախոսները մոլորյալներ են, որոնց ծառայեցնում են նեղ անձնական շահերին: Մեր խորին համոզմամբ` խնդիրը համընդհանուր է: Բուհի հետ առնչություն ունեցող յուրաքանչյուր մարդ գիտի բուհում եղած խիստ մտահոգիչ բարոյահոգեբանական մթնոլորտի մասին:

Դասախոսների հեռացմամբ խնդիրը չի լուծվելու: Սկսվելու է բուհի «անցանկալի տարրերից» մաքրման գործընթաց: Կլինի համատարած բարոյահոգեբանական անկում: Մարզում արմատապես կփոխվի վերաբերմունքը բարձրագույն կրթության նկատմամբ: Իր այս գործելաոճով ռեկտոր Սահակ Մինասյանը մեր համալսարանը տանում է կործանման:
Հրապարակային կերպով հայտարարում ենք, որ մենք` որպես գիտակից և խնդրով մտահոգ քաղաքացիներ, պայքարում ենք գիտակցված ու վճռականորեն: Վստահ ենք` միջադեպին կատարված և կատարվող հսկայական արձագանքը բուհի ներսում և բուհից դուրս` Հայաստանում հեղինակություն վայելող անհատների և կազմակերպությունների կողմից մեր պայքարի ակնառու վկայությունն է:
Հարգելի´ ընկերներ, խնդիրը շատ ավելի գլոբալ է: Պատմությունը տալու է ամեն ինչի համարժեք ու հստակ գնահատականը: Գալու է ժամանակը, երբ պետք է պատասխանենք սերունդների գլխավոր հարցին. «Ի՞նչ էիք անում դո՛ւք ձեր ժամանակ առկա խնդիրները լուծելու ուղղությամբ»:
Հաստատապես համոզված ենք, որ մեր բոլորի պայքարը հանգելու է արդարության վերահաստատմանը: Առողջ բանականությունը կստիպի մաքուր լինել սեփական խղճի առաջ: Մեր պայքարն այլևս այլընտրանք չունի: Մեր համընդհանուր վճռականությունը մոտալուտ հաղթանակի հստակ վկայությունն է:

Please enter a valid URL