ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, անդրադառնալով լրագրող Գայանե Զարգարյանի դեմ տեղի ունեցած հետապնդմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
fnews.am ինֆորմացիոն կայքը տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ Արարատի մարզի Կանաչուտ համայնքում խոչընդոտվել է լրագրող Գայանե Զարգարյանի կողմից իր մասնագիտական օրինական գործունեության իրականացումը, և նա ենթարկվել է հետապնդման:
ՀՀ Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանի հանձնարարությամբ հրապարակումը, որը ներկայացվել է որպես հաղորդում հանցագործության մասին, արդեն իսկ ուղարկվել է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչություն՝ հրապարակման մեջ ներկայացվող հանգամանքներն ստուգելու և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու: Հանձնարարվել է այդ շրջանակներում անհապաղ ձեռնարկել քննչական և դատավարական այլ գործողություններ, մասնավորապես, իրականացնել դեպքի վայրի զննություն, առգրավել ավտոճանապարհի տվյալ հատվածում տեղակայված տեսագրող սարքերի միջոցով իրականացված տեսագրությունները, ինչպես նաև պարզել դեպքի ականատես անձանց և մասնակիցների շրջանակը:
Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: