Search
Close this search box.

«Երևանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել». Արման Թաթոյան

«Երևանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել, դա ինձ համար ընդունելի չի լինի»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Մենք լրագրողին պետական համակարգից օտարացնելու միտում ենք նկատում, ինչը վտանգավոր ընկալում է, որը չպետք է թողնենք, որ ձևավորվի։ Լրագրողը կատարում է կարևոր հանրային գործառույթ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է կառավարության նիստերի դռնփակ անցկացմանը, նա ասաց, որ դա օբյեկտիվ միջազգային փորձն է. «Երկրների ճնշող մեծամասնությունն, իսկապես, ունի փակ ռեժին, դռնբաց կամ ուղիղ հեռարձակման հնարավորություն նախատեսված չէ։ Դա ցույց են տալիս մեր ուսումնասիրությունները՝ կապված միջազգային տարբեր կազմակերպությունների գնահատականների հետ։ Բայց այդ նույն կազմակերպություններն անընդհատ զգուշացնում են պետություններին, որ անհրաժեշտ է մշակել հատուկ ֆորմատներ»։

Ինչ վերաբերում է նիստերին մարդու իրավունքների պաշտպանի մասնակցության սահմանափակմանը, Թաթոյանն ասաց, որ դա կապ չունի անկախության կամ լիազորությունների ծավալի հետ. «Մենք մեր իրավասության սահմաններում այնքա՜ն հնարավորություններ ունենք՝ կառավարության վրա ներգործություն ունենալու։ Մարդկանց մոտ հաճախ սխալ տպավորություններ են ստեղծվում՝ մարդու իրավունքների պաշտպանի՝ գործադիր իշխանության հետ առնչվելու վերաբերյալ։ Խորհրդարանական կառավարման մոդելի դեպքում բոլոր անկախ մարմինները չեն մասնակցում կառավարության նիստերին, որովհետև սկզբունքն է փոխվում։ Իսկ մեր լիազորությունները՝ կառավարության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու առումով, ընդլայնվել են»։

Please enter a valid URL